Հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմը շարունակում է մնալ համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում։ Այս անգամ ֆիլմին անդրադարձել է The WallStreet Journal հեղինակավոր պարբերականը։
Wnews.am-ը ներկայացնում է պարբերականի անդրադարձը՝ որոշ կրճատումներով.
Ծանրակշիռ ներդրում՝ Ցեղասպանության ճանաչման գործում
Վերջին տարիներին Քըրք Քըրքորյանը շուրջ 100 մլն դոլար է ներդրել «Խոստումը» ֆիլմի ստեղծման համար. այն սիրային պատմություն է, որը ծավալվում է Օսմանյան կայսրության տապալման ֆոնին, սակայն Հոլիվուդում միլիարդատիրոջ քայլը միանշանակ չի ընդունվել։
Այն դարձել է անկախ կինեմատոգրաֆիայի ամենաթանկ նախագծերից։
Հայկական ծագումով ամենահեղինակավոր ամերիկացի մագնատներից Քըրքորյանը միշտ էլ աջակցել է հայկական բարեգործական նախագծերին. նա դրանց վրա ծախսել է միլիարդավոր դոլարներ։ «Խոստումը» ֆիլմի ֆինանսավորումը եւս զգալի ավանդ է հայկական նախագծի համար, որպեսզի թուրք օսմանների կողմից իրականացված հայերի մասսայական սպանությունները ցեղասպանություն անվանվի։
Քըրքորյանն ու իր պրոդյուսերները նախատեսում էին ֆիլմը նկարահանել «Շինդլերի ցուցակը» եւ «Ռուանդա հյուրանոց» ֆիլմերի նախատիպով։
«Խոստումը» ֆիլմը պայքարի մեջ է.
«Խոստումը» ֆիլմը աշխարհաքաղաքական պայքարի մեջ է մտել հայերի սպանությունը դասակարգելու պատճառով։ Հրատարակչությունը հիշեցնում է, որ Ռոնալդ Ռեյգանից հետո ԱՄՆ բոլոր նախագահները խուսափել են «ցեղասպանություն» տերմինից՝ վախենալով Թուրքիայի զայրույթից։ Չնայած դրան, ՄԱԿ-ը, Հռոմի Կաթոլիկ եկեղեցին եւ շատ այլ կազմակերպություններ եւ մասնագետներ մեկուկես միլիոն հայերի սպանությունը նույնքան հանցանք են համարում, որքան Հոլոքոստն ու Ռուանդայի ցեղասպանությունը։
The Wall Street Journal-ը նաեւ հիշեցնում է, որ թուրքական դիվանագիտությունն արել է հնարավորինս ամեն բան, որպեսզի բացառի հայտնի դերասանների մասնակցությունը ֆիլմում։