տուն Լուրեր Թե ինչու գազը պետք է էժանանա

Թե ինչու գազը պետք է էժանանա

122
0

Gazprom-Iran-Armenia-e1449647733148

Ապրիլի 7-ին Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, իսկ ապրիլի 8-ին տեղի կունենա ԵԱՏՄ վարչապետների հանդիպումը:

Հայկական կողմի տարածած տեղեկատվության համաձայն՝ Մեդվեդևի այցի ժամանակ կքննարկվի գազի սակագնի փոփոխության հարցը: Օրեր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե հավանականություն կա, որ սպառողների համար գազի գինը կնվազի, սակայն քանի տոկոսով՝ հայտնի  չէ: Այդ ամենը, ըստ Աբրահամյանի, կախված է բանակցություններից:

Araratnews.am-ի հետ զրույցում ԵՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը նշեց, թե գազի գնի նվազման հավանականությունը մեծ է: «Գազի սակագնի էժանացումը միանգամայն հնարավոր է, իրատեսական է՝ հաշվի առնելով վերջին կամ, առնվազն,  վերջին երկու տարիներին էներգակիրների համաշխարհային շուկայում առկա տենդենցները, նաև ռեգիոնալ շուկայում զարգացումները: Կոնկրետ Հայաստանի պարագայում՝  գազի մատակարարման հիմնական աղբյուրը Ռուսաստանն է, և գազի գնի  գոյացման հիմնական, եթե հաշվի առնենք գործոններից մեկը, եթե ոչ գլխավորը, նավթի գնի  շարժն է, ապա այս տեսակետից միանգամայն իրատեսական է»,- ասաց տնտեսագետը: Ատոմ Մարգարյանի խոսքով՝  թե կոնկրետ ինչքան կնվազի գազի սակագինը սպառողների համար, քննարկումների հարց է:

Տնտեսագետը նշում է, թե գազը էներգաստեղծ համակարգ է, և տնտեսության բազմաթիվ ճյուղերի, նաև տնային տնտեսության կարևոր գործոններից է, դա անառարկելի է: «Ընդհանրապես, էներգակիրների շուկան,  կարելի է  ասել, համակարգաստեղծ շուկա է և, բնականաբար, այդ շուկայում առևտուր անողները ևս մտահոգված են իրենց եկամուտների համար: Հենց այնպես ապրանք վաճառողը գինը չի իջեցնի, սա պարզ ճշմարտություն է: Բայց մյուս կողմից՝ վճարունակ պահանջարկը ընկնում է, իսկ դա փաստ է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում վերջին տարիներին ընկել է, եւ սպառման ծավալները նվազել են»,- ասաց տնտեսագետը: Նրա խոսքով, եթե վաճառող ընկերությունը, տվյալ դեպքում՝ Գազպրոմը, կարողա պահպանել  ծավալները, կարևոր է նաև վճարունակության գործոնը: «Հետևաբար, թե ինչու գազը պետք է էժանանա՝ առաջին  հերթին նավթի գների նվազմամբ է պայմանավորված, մյուս մասը՝ վճարունակության անկումն է»,- նշեց Մարգարյանը, հավելելով, որ սպառող է նաև տնտեսությունը, իսկ այստեղ իրավիճակը նույնպես  բարվոք չէ:  Այս ամենը հաշվի առնելով, տնտեսագետը կարծում է, որ իրատեսական է գազի գնի նվազումը:

Ըստ տնտեսագետի՝ առկա է նաև Իրանի գործոնը:  Վերջինս հավակնություններ ունի մտնելու տարածաշրջանային շուկա, ինչպես նաև եվրոպական երկրներ:

Հարցին, թե խոսվում է  գազի գնի մինչև քսան տոկոս նվազման մասին. կա արդյո՞ք այդպիսի հավանականություն, վերջինս հաստատեց, թե նման հավանականություն հնարավոր է: «Քսան տոկոսը նորմալ է ներկայիս իրավիճակում»,- նշեց  Ատոմ Մարգարյանը, նշելով, թե գազի գնի նվազումը կարող  է խթան հանդիսանալ Հայաստանի տնտեսության, հատկապես՝ քիմիական արդյունաբերության համար: