տուն Լուրեր Թաթոյանը պնդում է՝ կաշկանդված չէ

Թաթոյանը պնդում է՝ կաշկանդված չէ

92
0

arman

ԱԺ-ում հատուկ ընթացակարգով քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: Որպես ՄԻՊ թեկնածու` խորհրդարանին է ներկայացվել Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ով, ինչպես հայտնի է, ԱԺ Հանրապետական խմբակցության թեկնածուն էր: Վերջինս ելույթով ներկայացրեց ՄԻՊ դառնալու դեպքում իր անելիքները, որից հետո էլ օրենսդրի ներկայացուցիչները նրան հարցեր ուղղեցին:

ՄԻՊ թեկնածուին հարցեր ուներ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նախ նշեց, որ վիրավորված է. «Դուք նախաձեռնել էիք խմբակցությունների հետ հանդիպումներ, սակայն ԱԺ-ում կան նաև 7 պատգամավորներ, որոնք ընդգրկված չեն խմբակցություններում, իսկ նրանց հետ Դուք չեք հանդիպել: Ստացվում է, որ եթե նման պատգամավորի համար տրվում է 60 հազար ձայն, ապա Դուք չեք խորհրդակցել 420 հազար մարդու հետ»,- դժգոհեց պատգամավորը:

Մարուքյանի բուն հարցը վերաբերում էր քաղաքացու նկատմամբ կալանք ընտրելու վերաբերյալ խախտումներին: «Քաղաքացուն դատարանը կալանավորում է, հնարավորություն չտալով, որ դրա հետ կապված հարցը քննվի իր ներկայությամբ: Նրան կալանավորում են առանց 2-րդ կողմին հավասար զենքերի օգտագործման հնարավորություն տալու: Սա Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 5.5 կետի խախտում չէ՞ և չի՞ խախտում մեր սահմանադրական իրավունքը»,- հարցրեց Մարուքյանը:

Արման Թաթոյանը պատասխանեց, թե  անկախ պատգամավորի հետ չհանդիպելն ամենևին կապ չունի հարգանքի հետ. «Ես հարգում եմ, քանի որ նաև գիտակցում եմ խորհրդարանի դերն ու կարևորությունը: Ձեր վկայակոչած կանոնակարգը Դուք էլ լավ գիտեք, որ մարդուն ազատությունից զրկելու հարցում շատ խիստ պահանջներ են ներկայացնում, քանի որ կալանավորվող անձին պետք է հնարավորություն տրվի օգտվել մի շարք գործառույթներից: Հասկանում եմ` ինչի մասին եք խոսում, սակայն կոնկրետ իրավիճակի հետ կապված պետք է ուսումնասիրվի, սակայն միջազգային չափանիշները պահանջում են այն, ինչ Դուք ասացիք»: