Ինչպես արդեն հրապարակել էր Araratnews.am-ը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց ՄԻՊ թեկնածուի հարցը: Առաջադրվել էր երեք թեկնածու, սակայն ձայների մեծամասնությամբ ԱԺ լիագումար նիստում կքննարկվի միայն ՀՀԿ-ի կողմից ներկայացված թեկնածուի հարցը: Նա ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն է:
ԱԺ պետաիրավականի նիստի ավարտից հետո, Թաթոյանը պատասխանեց լրագրողների որոշ հարցերի: Հարցին, թե առաջադրված լինելով իշխանության կողմից` կկարողանա՞ ՄԻՊ թեկնածու Թաթոյանն առանց կաշկանդվածության քննադատել իրենց, վերջինս պատասխանեց. «Բացարձակ չի կարող որևէ կաշկանդվածություն առաջացնել, որովհետև Մարդու իրավունքների պաշտպանը պաշտպանված է Սահմանադրությամբ, օրենքներով և դրան գումարած՝ չափազանց կարևոր է անձնական գործոնը: Իմ սկզբունքների դեմ է որևէ կաշկանդվածություն ունենալը կամ փորձել աշխատանք կատարել, երբ չունես լիարժեք ազատություն, երբ չես կարող լիարժեք անել այն, ինչ քո առջև դրված է օրենքներով և Սահմանադրությամբ»,- ասաց նա:
Լրագրողներից մեկի հարցին, թե որքա՞ն ժամանակ է նրան հարկավոր հասկանալու՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, թե՝ ոչ, ՄԻՊ թեկնածուն կոնկրետ ժամկետ չնշեց: Պնդմանը, թե արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան, և ինքը, ըստ էության, իր պատասխաններով հերքում է վերջինիս խոսքը, արդարադատության փոխնախարարը հրաժարվեց պատասխանել. «Ես այդ հարցին արդեն պատասխանել եմ»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե իր ՄԻՊ նշանակումից հետո ի՞նչ ճակատագրի կարժանանա Կարեն Անդրեասյանի կողմից սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կազմվող զեկույցը: «Ես չգիտեմ` նյութեր կան-չկան: Եթե ընտրվեմ և իսկապես այդպիսի նյութեր լինեն՝ բնականաբար, պետք է ուսումնասիրեմ և այդ ժամանակ գնահատական կտամ»,- ասաց Թաթոյանը :