տուն Հասարակություն Իրավական Թանդիլյանի օրոք եղած բացասական աուրան չեմ տեսնում. տուն-ինտերնատի տնօրեն

Թանդիլյանի օրոք եղած բացասական աուրան չեմ տեսնում. տուն-ինտերնատի տնօրեն

185
0

«Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վահան Զուրաբյանը այս տարվա հունիսի 5-ից  անցել է աշխատանքի նույն  տուն-ինտերնատում որպես տնօրեն։  «Հիմա ընդունման-հանձնման աշխատանքներն են»,- Araratnews.am-ը տեղեկացավ Վահան Զուրաբյանից:

Հիշեցնենք՝ Վահան Զուրաբյանը պաշտոնանկ արվեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի  նախկին նախարար Մանե Թանդիլյանի հրամանով անցյալ տարի, քանի որ վերջինս  հայտարարել էր, թե թերություններ է գտել Զուրաբյանի աշխատանքում: Զուրաբյանը դատարան  հայց էր ներկայացրել եւ  պահանջել նախարարի հրամանն անվավեր ճանաչել, աշխատանքը վերականգնել, պարապուրդի համար վճարել, դատական ծախսերը հատուցել և փաստաբանի 300 հազար դրամ աշխատավարձը վճարել: Դատարանն ամբողջությամբ Զուրաբյանի հայցը բավարարել էր, միայն փաստաբանի մասով կեսն է բավարարվել՝ 150 հազար դրամ` հաշվի առնելով դատավարության պրոցեսի պրակտիկան:

«Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի վերանշանակված տնօրենը անկեղծանում է՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ աշխատում է նորմալ: «Առաջվա բացասական աուրան, որը կար նախարար Թանդիլյանի օրոք, հիմա ես չեմ տեսնում»,- ասաց նա:

Վահան Զուրաբյանին համարում էին նախկին իշխանության՝  նախկին նախարար Արտեմ Ասատրյանի «մարդը», սակայն զրուցակիցս համաձայն չէ այդ ձեւակերպմանը: «Եթե մարդու լավ աշխատանքի արդյունքը ներկայացնում են որպես իշխանության «մարդ», եկեք դրա հետ  չհամաձայնեմ: Երբեք կուսակցական չեմ եղել: Ես ՀՀ քաղաքացի եմ, որը կատարում է իր աշխատանքը, եւ որի համար շնորհակալագրեր եմ ստացել»,-  հիշեցրեց «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենը:

Վահան Զուրաբյանը չի ցանկանում անդրադառնալ Մանե Թանդիլյանի որոշմանը, քանի որ  այն այդպես էլ  անհասկանալի մնաց իր համար: Սակայն վստահ է՝ եթե Թանդիլյանը նախարար լիներ, ապա նախարարությունը նրա հրամանով կբողոքարկեր առաջին ատյանի դատարանի վճիռը եւ կդիմեր վերաքննիչ դատարան:

Իր նախորդի՝ Գառնիկ Վարդանյանի աշխատանքը  Վահան Զուրաբյանը  դրական է գնահատում: Թերացում ու բացթողում չի նկատել:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, «Լուսավոր Հայաստան» խմբակցության  պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ մեզ հետ զրույցում  ասաց՝  հարցի հասցեատերը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է:

Սոնա Դավթյան