Էլեկրտաէներգիայի թանկացման, ՀԷՑ-ի մութ պատմությունների և տնօրեն Եվգենի Բիբինի պահվածքի մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:
Վաղ թե ուշ ՀԷՑ-ի հետ կատարվելու էր այն, ինչն այսօր մենք տեսնում ենք, շեշտեց Ստեփան Սաֆարյանը: ՀԷՑ-ը վարել է վատ ու անթափանցիկ քաղաքականություն սկսած 2005թ-ից, երբ մեր հայրենակիցները անգամ չգիտեին, թե ով է տնօրենը: ՀԷՑ-ի մութ պատմություններ ունեցող տնօրինումը չէր կարող ունենալ լավ արդյունքներ և թափանցիկ քաղաքականություն, հայտնեց փորձագետը:
Էլեկտրաէներգիա չի դառնա 17 դրամ, նշեց Ստեփան Սաֆարյանը, սակայն թանկացումներ որոշակի քանակությամբ կլինի: ՀԷՑ-ի շռայությունները գաղտնիք չեն հիմա ոչ ոքի համար: Թեև իշխանությունները հայտարարել են, որ այդ շռայլությունները՝ աշխատակիցների բարձր աշխատավարձերը, կենտրոնի թանկարժեք տների վարձակալությունները չեն ազդի սակագնի բարձրացման վրա, բայց սակագնի բարձրացում, այնուամենայնիվ, կլինի:
Ստեփան Սաֆարյանը ժողովրդի թալանի վերջը տեսնում է միայն ՀԷՑ-ի հանդեպ քրեական գործ հարուցելը: «Պարզվում է, որ ՀԷՑ-ի տնօրեն Բիբինի կազմակերպությունը չնայած ներդրումներին՝ վնասով է աշխատում, կորուստները մեծացել են»: Սակայն կորուստը սխալ է այս դեպքում, հայտնեց փորձագետը, շեշտելով, որ դա թալան է իրականում:
Արևիկ Նահապետյան