Թող նստեն երկխոսության, մարդավարի զրուցեն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը, ով պնդեց, որ ՀՀԿ-ն հակված է նստել երկխոսության և ճգնաժամը հաղթահարել: «Բայց օդանավակայանը փակելո՞վ, հազար տեսակ հարց կա, էս ի՞նչ է կատարվում, մարդիկ ճամպրուկներով Իսակովի ճանապարհ են անցնում, սա անելու բան չէ»,- ասաց նա, հավելելով, որ բացի երկիրը կաթվածահար անելուց, այլ վտանգներ չեն տեսնում: Իսկ թե ի՞նչ առաջարկով են երկխոսության կանչում, Սարգսյանն ասաց, որ Փաշինյանի կողմից երկխոսության ցանկություն չի տեսնում, այլ միայն պահանջ ու ուլտիմատում:
Ալիկ Սարգսյանը նշեց, թե հասկանում է ժողովրդի պահանջները: «Փաշինյանը չլիներ, Պողոսյանը լիներ՝ կարող է այս վիճակը լիներ, հարցը դրանում չէ, ուղղակի ես տեսնում եմ, որ պետք է լուծում ստանա, այսօր պարալիզացվել են բոլոր հիմնարկները»,- ասաց նա:
Հարցին՝ բացառո՞ւմ է, որ մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր է ՀՀԿ-ն պառակտվի, Ալիկ Սարգսյանը նշեց, թե առայժմ նման բան չի տեսնում և չի էլ մտածում: «Ինչ բառ սկսվում է «դ» տառով, այսինքն՝ դավաճանություն, ես այդ հարցում չկամ, մոռացեք»,- ասաց նա, չցանկանալով գնահատական տալ ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի կողմ քվեարկությանը: ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ ամեն դեպքում ինքը չէր անի: «Աշխարհի վերջը գա, ես թիմ չեմ դավաճանի, կդնեմ մանդատս, կգնամ տուն, բայց թիմիս չեմ դավաճանի»,- ասաց նա:
Հարցին, թե այդ դեպքում գնահատում է բոլոր ֆաշիստներին, ովքեր մինչև վերջ հավատարիմ մնացին Հիտլերին, պատասխանեց. «Ես ոչ թե գնահատում եմ կամ ֆաշիստների մասին դրական բան կասեմ, որովհետև իրենց գործը վատն է եղել, բայց իշխանության գաղափարախոսությամբ, իրենց մարդկային տեսակով վատ չի, որ հավատարիմ են եղել Հիտլերին, իսկ որ կողքից փախնեին, ո՞վ էր նրանց ներելու՝ կասեիք»,- ասաց նա:
Ըստ Սարգսյանի՝ ինքը ռեալ քաղաքական գործիչ է, լավ գնահատում է իրավիճակը, գուցե մի օր այս ամենին ռեալ գնահատական կտա: «Ոչ մի քաղաքական լիդեր թող իր վրա չվերցնի, այս շարժումն այսպես թե այնպես մի օր պետք է լիներ, սա հասունացել էր, ես հիմա ընդամենն առաջարկում եմ՝ թող անհրաժեշտ հետևություն անեն, մի՛ ջնջեք անցյալը, հասկանում եմ երիտասարդությանը, նրանք ոչ միայն մեր ապագան են, այլև ներկան, վատ հետևանքներ կլինեն»,- ասաց նա: Իսկ թե ինչ վատ հետևանքներ կարող են լինել, ասաց, թե ինքը նկատի չունի իշխանության կողմից ճնշում, այլ իր անհանգստությունը երկրի անվտանգությունն է:
«Մի՛ տարեք երկիրը փորձության»,- ասաց նա և նշեց, որ այն մարդկանց, ովքեր կանգնած են անվտանգության հիմքում, չի կարելի լիկվիդացնել: Ի դեպ, նա նշեց, որ ինքը ոչ մի խնդիր չունի մարդկանց մեջ դուրս գալու համար: «Ես էլ եմ իմ հարազատների, բարեկամների մոտ հաշվետու իմ արարքի համար: Ես իրիկունը պետք է տուն գնամ ու երեխաներիս բացատրեմ, թե ինչո՛ւ եմ այս բանն արել: Ես այն քաղաքական գործիչը չեմ, որ ասեմ՝ քաղաքական նկատառումներով և այլն, բայց ես ընդդիմություն էլ չեմ, որ ասեմ՝ իմ ազգուտակիս վնասեն, չգիտեմ ինչ, զրկանքներ, ես մեջտեղի մարդ եմ, ոչ վատ իմաստվ, որ ամեն ինչ լինի ինչպես և կարգն է, և օրենքներն են պահանջում և կարևոր օրենքը՝ չգրված մարդկային օրենքը: Երեխեքս այս երկրում ապրելու են, ես էլ քայլելու եմ մարդկանց մեջ ու հենց հիմա էլ ես ոչ մեկից փախնելու, թաքնվելու խնդիր չունեմ, որովհետև խիղճս հանգիստ է, ինձ ոչ մեկ չի կարող մեղադրել, ինչ իշխանություն էլ փոխվի, ես ապրել եմ նենց, որ իմ ոչ մի արարքի համար չեմ ամաչում և պատասխանատվության որևիցե խնդիր չունեմ, ամենափոքր, որովհետև մաքուր եմ ապրել, գիշերն էլ որ վերլուծում, հետ եմ գնում՝ սրանից 8 տարի առաջ կարո՞ղ ա արել եմ, որի համար պետք է պատասխան տամ, չունեմ նման հարց, հանգիստ ապրում եմ»,- ասաց նա: