Թաիլանդում գիտնականներին հաջողվել է ստանալ հակամարմիններ, որոնք անհրաժեշտ են Էբոլա վիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին հայտարարել է Բանգկոկի խոշորագույն հոսպիտալը՝ Սիրիռաջը: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Սպասվում է, որ հայտնագործության մանրամասաները կհրապարակվեն հոկտեմբերի 2-ին կայանալիք մամլո ասուլիսի ժամանակ: Սիրիռաջ հոսպիտալը հարավ-արևելյան Ասիայի խոշորագույն բժշկական հաստատություններից մեկն է: Դրա հաճախորդների թվում է, օրինակ, երկրի արքան՝ Փումիպոն Ադուլյադետը:
Նշենք, որ արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության փոխանցմամբ՝ համաճարակից տուժած երկրներում վարակակիրների թիվը հասել է շուրջ 6,5 հազարի:
1976թ.-ին այս վիրուսն առաջին անգամ արձանագրվել է Զաիրում (ներկայումս՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) և անվանակոչվել այն գետի անունով, որի ափին գտնվել է առաջին հիվանդների բնակատեղին:
Հավելենք, որ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով, Էբոլա վիրուսի պատճառով առաջացող հեմոռագիկ տենդը հնարավոր կլինի կլինիկական հսկողության տակ վերնել միայն 6-9 ամիս հետո: