Ավագ սերժանտ Սասուն Ասատրյանը մարտական հերթապահությունն իրականացնում է Արցախի պաշտպանության բանակի հարավարևելյան (Հադրութ) ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում: Սասունի հետ նախորդ զրույցիցս անցել է ուղիղ մեկ ամիս, եւ ինչպես մեկ ամիս առաջ, այնպես էլ այսօր վստահեցնում է՝ պատրաստ են ամեն գնով պաշտպանել հայերի հողը:
-Իսկ ի՞նչ փոխվեց ապրիլի 2-ից հետո…
-Ոչ մի բան՝ ծառայում ենք ինչպես միշտ:
-Մնաց մի քանի ամիս՝ զորացրվես, այս ընթացքում ամենածանր շրջանն ապրիլ ամի՞սն էր:
-Չէ՜, ամենածանրը սպասողական վիճակն է, երբ ոչ մի բան չգիտես:
—Այդ անորոշությունն ապիլի 2-ի՞ց սկսվեց:
-Չէ, ծառայության առաջին օրից:
—Այսինքն՝ առաջին օրից մտածե՞լ եք, որ հնարավոր է պատերազմական գործողություններ սկսվեն:
-Ավելի շատ մտածել ենք՝ էդտեղ հանգիստ լինեք:
—Իսկ պատերազմից հաճա՞խ եք խոսել:
-Հա, խոսել ենք:
—Ե՞վ…
-Տղերքով խոսում էինք՝ կռիվ սկսվի՝ դրանց ջարդը տալու ենք (ծիծաղում է- հեղ.):
-Նախորդ անգամ ասացիր՝ վախենում եք դիրքեր կորցնել, էլի նույն վախերն ունե՞ք:
-Չէ հա, հիմա արդեն իրենք են վախենում, որ առաջ կգնանք (ծիծաղում է-հեղ.):
-Այսօր ծննդյանդ օրն է, արդեն 20 տարեկան ես, ինչ-որ բան անելո՞ւ եք:
-Չէ, ոչ մի բան (ծիծաղում է-հեղ.):
Հ. Գ. Շնորհավորում ենք Սասունին եւ մաղթում խաղաղ ծառայություն:
Շողիկ Գալստյան