ՀՀ Ազգային ժողովում ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կողմից ներկայացված` Բարձրագույն դատական խորհրդի կազմի ներկայացուցիչները շարունակում են պատասխանել պատգամավորների հարցերին: Երրորդ պաշտոնում ներկայացված Լիպարիտ Մելիքջանյանին հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա ասաց, թե Մելիքջանյանն իր նախաբան խոսքում նշեց, թե ինչու է համաձայնել թեկնածությունն առաջադրելուն, և դա շատ հիմնավոր տեսակետ էր:
«Գաղտնիք չէ, որ ձեզ առաջադրել են ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունները, գաղտնիք չէ, որ դուք մեկ տարի առաջ մասնակցել եք ընտրություններին «Ելք» դաշինքի ցուցակով: Դուք նոր Սահմանադրությամբ դատական բարձրագույն խորհրդին տրված լիազորությունների շրջանակներում տեսնո՞ւմ եք դատական համակարգի անկախությանն ուղղված աշխատանքներ կատարելու ռեալ հնարավորություն և կարծո՞ւմ եք, թե ձեր քաղաքական հայացքները խոչընդոտ չեն այս պաշտոնը զբաղեցնելու համար, այդ պատճառով էլ համաձայնե՞լ եք»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Մելիքջանյանն արձագանքեց, որ ելույթում էլ նշել է, որ իրեն կատարվել է մի առաջարկություն, որը, իր պրոֆեսիոնալ մոտեցումներից ելնելով, պարզապես չէր կարող չընդունել` ելնելով թե՛ հայրենիքի նկատմամբ ծառայությունից, թե՛ իր մասնագիտական կարողություններն ու ունակությունները ներդնելու նպատակից, մանավանդ որ, ուսումնասիրելով այդ կարողությունները, դատական խորհրդի ձևավորման համար պատասխանատու անձինք համարել են, որ այնտեղ անելիք և ասելիք ունի:
«Ինչ վերաբերում է իմ քաղաքական կենսագրությանը, ապա դա տևել է ընդամենը մեկ ամիս: Ես որևէ քաղաքական կուսակցության անդամ չեմ եղել, քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել, պարզապես իմ անունը ներգրավվեց «Ելքի» ցուցակում: Ես բարձր եմ գնահատում «Ելք» դաշինքի գործունեությունը թե՛ ԱԺ-ում, թե՛ ԱԺ-ից դուրս, բայց կրկնում եմ` իմ քաղաքական կենսագրությունն այդ մեկ ամսով փակվել է, և մոտակա հինգ տարիների ընթացքում քաղաքական գործունեությունն ինձ համար փակ է»,- շեշտեց Մելիքջանյանը:
Վարդանյանն արձագանքեց, որ իր նպատակն ամենևին արդարացման փորձը չէ: «Ես ուզում էի արձանագրել, որ դուք տեսնո՞ւմ եք այս նոր ստեղծվող համակարգին ծառայելու և դրանով իսկ Հայաստանում դատական համակարգի անկախությանը նպաստելու ռեալ հնարավորություն»,- ասաց պատգամավորը:
«Ես չեմ արդարանում, բավական մեծ եմ գնահատում «Ելքի» աշխատանքը, համակրում եմ «Ելքին», բայց քաղաքական էջն ինձ համար փակ է»,- եզրափակեց Մելիքջանյանը: