Այս պահին ԱԺ-ում քննարկվում է 2014 թվականի պետբյուջեն: Իր ելույթի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը կոչ արեց բյուջեի քննարկմանը վերաբերել սառը դատողություններով և հիմնվել հստակ թվերի վրա: Նախարարը մասնավորապես խոսեց տնտեսական աճի, աղքատացման և արտագաղթի վերաբերյալˋ փաստելով, որ նախորդ տարվա համեմատ այս տարի նկատվում է արտադրանքի աճ:
«Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ խնդիրներ կան և դրանք բերում են համատարած աղքատացման, մինչդեռ, եթե մենք իրավիճակին նայենք այս տարվա տեսանկյունից , ապա վիճակագրությունը ցույց է տալիս, որ սպառողական գների ինդեքսը Հայաստանում 2015 թվականի հունվարից մինչև այսօր կազմել է 5 % : Աշխատանքի վիճակագրության համեմատական վերլուծության համաձայնˋ 2014-ի հունվարին միջին աշխատավարձը կազմել է 185 հազար 613 դրամ, իսկ 2015-ի նույն ժամանակահատվածումˋ 199 հազար 277 դրամ: Ոչ պետական համակարգում աշխատավարձերի աճը կազմել է 112.6 % և ընդամենը երկու համակարգ է մնացել նույն մակարդակում»,-նշեց փոխվարչապետը:
Եզրափակելով իր խոսքըˋ Գաբրիելյանն ընդգծեց, որ 2015 թվականի դրությամբ, աշխատավարձերի աճը գերազանցում է գնաճը և հավելեց, որ նման պայմաններում անիմաստ է խոսել սովալլուկ մանուկների և այլ լալահառաչ իրականության մասին, քանի որ թվերն այլ բան են ցույց տալիս:
Վարդուհի Ստեփանյան