տուն Լուրեր Տեղի է ունեցել Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը

Տեղի է ունեցել Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը

140
0

Պոլսահայ անվանի լրագրող և հրապարակախոս, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով «դատական պատվիրակությունը» (դատավորների կազմը) փոխվել է: Ալի Իհսան Հորասանը, ով նախկինում պատվիրակության ղեկավարն էր, տեղափոխվելու է այլ դատարան: Այս ամսին գրում է ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական  Demokrathaber կայքին: Ըստ աղբյուրի՝ դատավորին տեղափոխելու որոշումը կայացվել է Թուրքիայի դատավորների և դատախազների խորհրդի կողմից: Առայժմ հայտնի չէ, թե ով կփոխարինի Հորասանին:

Նշենք, որ սեպտեմբերի 24-ին Ստամբուլում ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում տեղի է ունեցել Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը:

Շարունակվել են հանցավոր անփութության մեջ մեղադրվող 85 կասկածյալների անձանց ներգրավմամբ դատալսումները: Մեղադրյալների թվում են Ֆեթուլլահ Գյուլենը, նախկին դատախազ Զեքերիյա Օզը, լրագրողներ, ժանդարմերիայի ներկայացուցիչների և նախկին ոստիկանության ծառայողներ:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլում գտնվող «Ակոս» թերթի խմբագրության դիմաց՝ 2007 թվականի հունվարի 19-ին: Նրա սպանության գործով դատը Թուրքիայի ամենաաղմկահարույց դատական գործերից մեկն է, որ շարունակվում է արդեն 11 տարի: