Պետական իշխանությունները միջամտում են տեղական ինքնակառավարման գործունեությանը: Այս մասին այսօր Աղվերանում «Հանրային տեղեկատվության նշանակությունը տեղական ինքնակառավարման բարեփոխումների իրականացման գործընթացում» թեմայով սեմինարի ընթացքում ասաց «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության փոխնախագահ Դավիթ Թումանյանը:
«Եթե ասում ենքˋ տեղական ինքնակառավարում, ապա առաջին հարցը պետք է լինի իրավունքի եւ հնարավորության տրամադրումը տեղական ինքնակառավարման մարմիններին առանց որևէ միջամտության: Որևէ թելադրանք պետք է չլինի եւ «տեղական ինքնակառավարում» տերմինը պետք է լիարժեք գործի։ Ցավոք, այսօր գործնականում շատ ունենք միջամտության դեպքեր պետական կառավարման կողմից»,- խոսելով տեղական ինքնակառավարման գործունեությունիցˋ ասաց ՀՖՄ հ/կ փոխնախագահ Դավիթ Թումանյանը:
Դավիթ Թումանյանի համոզմամբˋ տեղական ինքնակառավարման մարմինները շատ թույլ են եւ չեն կարող ինքնակառավարումն իրականացնել, որին հաջորդում են շղթայական խնդիրներ:
Հարցին, թե իրավիճակը կփոխվի՞ Սահմանադրության փոփոխումից հետո, ՀՖՄ փոխնախագահն ասաց. «Դա սահմանադրական հարց չէ, պետք է ֆինանսական միջոցներ տրվեն տեղական ինքնակառավարման մարմիններին, որպեսզի կարողանան իրենց ծրագրերն իրականացնել»: