Երեխաների պաշտպանության միջազգային օրը` հունիսի 1-ին՝ Հայաստանում երեխաների պաշտպանվածության, երեխաների իրավունքների խախտման, աշխատանքային ոլորտում շահագործման մասին խոսեց Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանը:
Փաստաբանը նախ շնորհավորեց այս գեղեցիկ տոնի կապակցությամբ քաղաքացիներին, ապա երեխաների իրավունքների պաշտպանությանն անդրադառնալով հայտնեց, որ ՀՀ Օրենսդրությունը երևութապես կոչված է պաշտպանելու մեր երեխաների իրավունքները: Սակայն, դրանց կիրառման ժամանակ բավականին բարդություններ են լինում:
Երեխաների իրավունքները պաշտպանվում են, ըստ էության, սակայն, երբ գալիս է կատարման պահը, երեխան չի կարողանում ստանալ իրեն անհրաժեշտ աջակցությունը, շեշտեց Մարինե Ֆարմանյանը:
Աշխատանքային շահագործման մասին շատ են դեպքերը, նշեց փաստաբանը: «16-ը չլրացած երեխաներին աշխատանքի են դնում, ու շատ անգամ՝ ծանր աշխատանքի: Մի քանի ամիս աշխատացնում են անվճար՝ ասելով որ փորձաշրջան են անցնում, և այլն: Մենք շատ ենք հորդորում ծնողներին՝ չթողնել երեխաներին աշխատել մինչեւ չլրանա նրանց 16 տարին, իսկ գործատուներին՝ որ չշահագործեն անչափահասներին»: