տուն Լուրեր Ծնողները պատասխանատու են երեխաների առողջության համար

Ծնողները պատասխանատու են երեխաների առողջության համար

105
0

unnamed (2)

ՀՀ առողջապահության  նախարար Արմեն Մուրադյանը  ԵՊԲՀ  «Մուրացան»  համալսարանական  հիվանդանոցում այցելեց   թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում բուժում ստացող երեխաներին:

Այստեղ  են բուժվում նաև  սեպտեմբերի 16-ին  «Թունավորում սնդիկի միացությամբ» ախտորոշմամբ  Մասիսից Երևան տեղափոխված 4-ամյա Սյուզին, ինչպես նաև պատահաբար  խաղողի վազերի համար նախատեսված բուժանյութը խմած 6-ամյա Գոռը, ով արդեն ապաքինվել է և պատրաստվում է դուրսգրման:

Սյուզիի առողջական վիճակը գնահատվում է կայուն: Երեխան շարունակում  է  ստանալ  հակաթունային թերապիայի կուրս:

Գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը և  կլինիկայի ղեկավար  Մարինե  Գրիգորյանը նախարարին ներկայացրեցին  փոքրիկների առողջական վիճակը, բուժման մանրամասները:

Նշվեց, որ վերջին տարիներին ավելացել է   թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում բուժում ստացողների թիվը: Նախորդ տարիների համեմատ գրեթե կրկնապատկվել է կենցաղային  բնույթի թունավորումներով հիվանդների թիվը։ 2014թ. արձանագրվել է  շուրջ 600 նման դեպք։ Բժիշկների խոսքով` դա հիմնականում ծնողների անուշադրությամբ հետևանք է:

Ծնողների   հետ զրույցում   նախարարը հորդորեց ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվել երեխաների առողջության պահպանմանը և   հնարավորինս խուսափել  անուշադրության պատճառով ծագող կենցաղային թունավորումներից, որոնք կարող են անդառնալի հետևանքներ թողնել:

 Մասնագետները հորդորում են  ծնողներին մեծ ուշադրություն դարձնել  քիմիական նյութերի, դեղերի պահպանման պայմաններին: Դրանք պահել երեխաների համար անհասանելի տեղերում, ինչպես նաև վտանգ ներկայացնող ըմպելիքները  պահել հատուկ, պիտակավորված փակ տարաներում` երեխաների տեսադաշտից հեռու: 

 ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ,  «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ  Կալենտերյանի  մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում  Արմեն Մուրադյանը  հանձնարարեց, հաշվի առնելով երկրի կարիքները, ուսումնասիրել  առկա վիճակը և մանկական ռեանիմոբիլների հասանելությունն առավել բարելավելու նպատակով   ներկայացնել առաջարկություն: