Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գրասենյակի աջակցությամբ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ երկօրյա այցի ընթացքում Տավուշի մարզի համայնքներում ծանոթանում են գյուղերի միգրացիայի խնդիրներին և զարգացման հեռանկարներին:
Երեկ գրել էինք, որ լրագրողների առաջին կանգառը Գանձաքար համայնքն էր, որից հետո այցելեցինք Լուսաձոր համայնք:
Լուսաձոր համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանը համայնքը ղեկավարում է 2016 թվականից: Գյուղն ունի 750 բնակիչ, բայց հիմա 150 բնակիչ տարբեր երկրներում է՝ արտագնա աշխատանքի: Գյուղում կա հիմնական դպրոց, որտեղ սովորում է 29 աշակերտ: Այս տարի դպրոցն ունեցել է 5 շրջանավարտ:
Համայնքապետարանը համագործակցում է «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի հետ, որից, ի դեպ, դժգոհ էր Գանձաքարի գյուղապետի տեղակալը: «Հիմնադրամի կաթի արտադրության գործարանը մեր գյուղում է: Այս տարի նրանք մեր դպրոցում 2000 եվրոյի աշխատանքներ են կատարել՝ եվրոպատուհաններ են գցել»,- մանրամասնեց համայնքի ղեկավարը:
Համայնքի բնակչության մի մասը զբաղվում է հողագործությամբ: Նախկինում գյուղը հայտնի էր ծխախոտագործության լավ ավանդույթներով, սակայն վերջին շրջանում այլեւս թութուն չեն չորացնում:
Մեր զրուցակցի խոսքով՝ գյուղն ունի 170 հեկտար վարելահող, որից 50 հեկտար հողատարածքը հատկացրել են «ՀիմնաՏավուշ» կաթի արտադրությամբ զբաղվող հիմնադրամին, որն իր անասունների համար խոտ է աճեցնում: Այդ հողերը, համայնքի ղեկավարի հավաստիացմամբ՝ հիմնականում չէին մշակում, էրոզիայի էին ենթարկվել: Հիմնադրամը Լուսաձորում գործում է 2012-ից, այստեղ աշխատում է 15 ընտանիք:
Լուսաձորի հիմնական խնդիրն արտագաղթն է, աշխատատեղերի բացակայությունը, որոնք էլ համայնքի բնակիչներին ստիպեցին միանալ թավշյա հեղափոխությանը: ՀՀԿ-ական գյուղապետը խոստովանում է՝ իրենց գյուղն էլ ոգեշնչված է հեղափոխությամբ. «Առաջիններից մեկն եմ եղել, որ արձագանքել եմ այդ ցույցերին, բայց անձամբ չեմ գնացել»:
Վարդան Սարդարյանը կարծում է, որ բացի իշխանությունից, մարդիկ էլ պետք է փոխվեն, նրանց արարքներն ու փոխհարաբերություններն էլ: Չէ՞ որ, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը ժողովրդի հույսով արեց այդ հեղափոխությունը, իսկ հիմա նրան չպետք է մենակ թողնել: Հեղափոխությունից հետո շատերն են զանգահարել համայնքի ղեկավարին, ցանկություն հայտնել ներդրումներ կատարել անասնապահության ոլորտում:
Ի տարբերություն Գանձաքարի, համայնքի ղեկավարը հավատացրեց՝ Լուսաձորը խմելու եւ ոռոգման ջրի խնդիր չունի: Սակայն ծնելիությունը նվազում է, որն անհանգստացնում է գյուղապետին: Նա նախկին կառավարությանն առաջարկել էր համայնքի այն բնակիչներին, որոնք ունեն 2-3 չափահաս, ամուսնացած որդիներ, տնամերձ հողեր տրամադրել՝ տուն կառուցելու նպատակով: Նախորդ կառավարությունն այս ծրագիրը մերժել էր: «Հիմա այս առաջարկը ես նորից եմ կառավարությանն անում»,- ասաց Վարդան Սարդարյանը:
Նկարահանման ժամանակ հորդ անձրեւ էր, գյուղապետարանի տանիքը կաթում էր: Վարդան Սարդարյանը հույս ունի, որ առաջիկայում գյուղապետարանի բյուջեից միջոցներ կհատկացվեն, եւ տանիքը կվերանորոգվի, որ անձրեւաջրերի տակ չաշխատեն:
Լուսաձորի համայնքապետարանը:
Ի դեպ, մայիսի 31 -ին «Ելք» դաշինքի Իջեւանի մի խումբ անդամներ հանդիպել են գյուղի բնակիչների հետ, լսել նրանց խնդիրները: Հանդիպման մասին գյուղացիներին իրազեկելու հետաքրքիր տարբերակ էր մտածել գյուղապետը՝ հայտարարություն գյուղապետարանի լուսամուտին փակցնելով:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սոնա Դավթյան