«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ մեկ խնդիրը մեր հանձնաժողովի և ընդհանրապես ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության բարձրացման խնդիրն է: Ես կարծում եմ, որ դրան կարելի է հասնել միանշանակ թափանցիկության, հրապարակայնության ապահովման միջոցով: Նշանակություն կունենա նաև օբյեկտիվ և ճիշտ քննադատությունը, որից մենք երբեք չենք վախեցել»,- այս մասին ԱԺ-ում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և կազմի ընտրության հարցի քննարկմանը եզրափակիչ ելույթում ասաց ԿԸՀ նախագահի թեկնածու Տիգրան Մուկուչյանը:
Անդրադառնալով հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների վերաբերյալ հարցադրումներին` Մուկուչյանը նշեց. «Ելույթներում հնչած մի շարք կոնկրետ հարցադրումների, կոնկրետ փաստերի վերաբերյալ կուզեի ներկայացնել որոշ պարզաբանումներ. ներկայացված հանգամանքներից մեկը, որով մեղադրվում էին հանձնաժողովները պատշաճ վարույթ չիրականացնելու, այդ թվում` վարույթի հետ կապված քննարկումը լիարժեք չիրականացնելու հետ կապված, վերաբերում էին Վանաձորում ավագանու ընտրություններին ակնոցներ բաժանելուն: Ես երեկ փորձեցի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ճշտել՝ ինչ ընթացք է ստացել դիմումը, և պատասխանը հետևյալն էր. կոնկրետ ակնոցների հետ կապված նման դիմում հանձնաժողովը չի ստացել»: