Դրամի արժեզրկման պատճառները ոչ միայն դրսի, նաև ներսի գործոններով են պայմանավորված այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: «Շատերին թվում է, թե 2008թ. ճգնաժամը հաղթահարվել է և հիմա գալիս է մի նոր ճգնաժամ: Ինչ-որ պատճառներ են բերում նոր ճգնաժամի: Իրականության մեջ 2008թ. ճգնաժամը դեռ չի ավարտվել: Եվ ասել ավելին, 2008թ. ճգնաժամը 2008թ. չի սկսվել»:
Այս ճգնաժամը Հայաստանում սկսվել է շատ վաղուց, ուղղակի մեր գրպանին սկսեց խփել 2008թվականից հայտարարեց Հարություն Մեսրոբյանը: «Մեր ազգային մտածելակերպը սա է, մինչև մեր գրպանին չի կպնում, մենք չենք հետաքրքրվում ոչ մի բանով: Բավականին անտարբեր ենք, և ուշադրություն չենք դարձնում զգուշացումներին, իսկ արթնանում ենք այն ժամանակ, երբ արդեն վերջին կետն է լինում: Սա բնորոշ է սպառողական հասարակարգին, իսկ մենք հիմա հենց այդ հասարակարգն ենք: Մեր մտային գործունեությունը սկսվում և ավարտվում է ստամոքսով»:
Դոլարի տատանման պատճառը հանգամանորեն բացատրեց Հարություն Մեսրոբյանը: «Հիմնական պատճառներից մեկն այն է, որ արդեն երկար ժամանակ դոլարը լուրջ խնդիրներ ունի, և դա առաջացավ, երբ Միացյալ Նահանգների պետական պարտքն անցավ 10 տրիլիոն դոլարից: Հիմա մոտավորապես 17 տրիլիոն է: Բնական է, որ նման պետական պարտքը մարելու համար, երբ պարտքը ավելին է, քան մեկ տարվա բյուջեն՝ պետք է մի պայման, որ փողի տպող սարքը աշխատացնեն: Բայց դա էլ ունի իր վերջը: Շատ պետություններ ներկա պահին աշխատում են ոչ մի կապ չունենալ ԱՄՆ-ի փոխարժույթի հետ և գնում են ոսկի, ոչ թե դոլար համալրելու համար պետական արժույթը: Ռուսական սանկցիաներից էլ օգտվելով՝ ԱՄՆ-ն բարձրացրեց դոլարի գինը: Դոլարի տերերին հիմա պետք չի երկրում կայուն վիճակ: Իսկ կայուն մոլորակը կբերի մի հարցի՝ 17 տրիլիոն դոլար պարտք ու մարման համար միջոցներ չունենալ»: