Արամի 30-ում չկա հուշարձան: Ապամոնտաժված շենքի տարածքում որևէ այլ կառույց չի լինելու, լինելու են բարեկարգ մայթեր, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Արամի 30 հասցեի ետնամասում կառուցապատվող շինության նախագծի հեղինակ, ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը:
Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանն էլ իր հերթին նշեց. «Այն, ինչ կատարվում է, ճարտարապետների կողմից անցել է քննարկումների փուլով: Պատահական ոչինիչ չի լինում: Եթե մի ժողովուրդ նման շինությունը համարում է արժեք, ես ցավում եմ նման ժողովրդի համար»:
Ըստ Իգիթյանի՝ մենք այդքան աղքատ չենք, որ այդ խրճիթի համար աղմուկ հանենք: Եթե գեղագիտական արժեք ներկայացնող շենքերի «կպնեն», ինչպիսին օրինակ համալսարանի հին, սև շենքն է, ապա, ասաց, որը ինքը կյանքի գնով դա թույլ չի տա:
«Եթե մեկն ինձ ապացուցի, որ դա ազգային արժեք է , ես կմտածեմ՝ մինչև հիմա չեմ հասկացել հայերի արժեքը որն է: Էս ի՞նչ եք խոսում դուք. ճարտարապետական մակարդակ ունեցող ժողովուրդը էդ խրճիթը արժեք չի համարի»,- իր համոզմունքն արտահայտեց ճարտարապետ Իգիթյանը:
«Մեր հասարակությունում, իմ խորին համոզմամբ, մի վիճակ կա՝ ղալմաղալ անելու, դեմագոգիայով զբաղվելու, ընդդիմադիր երևալու»,- հավելեց Լևոն Իգիթյանը: