տուն Լուրեր Ճարտարապետական աշխարհի 3 հսկաներ մրցում են երևանյան նախագծի համար

Ճարտարապետական աշխարհի 3 հսկաներ մրցում են երևանյան նախագծի համար

129
0

ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի ճարտարապետական նախագծի մրցույթն այսօր մուտք գործեց իր երկրորդ փուլ, որում համալիրի կառուցման նախագծի համար կմրցեն աշխարհի 3 առաջատար ճարտարապետական կազմակերպություններ: RCR Arquitectes-ը, BIG – Bjarke Ingels Group-ը և MVRDV-ն ընտրվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի դեկան և 2020 թվականի Վենետիկի բիենալեի համադրող Հաշիմ Սարգիսի գլխավորված ժյուրիի կողմից: Եզրափակչի երեք մասնակիցները ժյուրիի և ԵՄ Թումո համալիրի թիմի հետ Երևանում երկօրյա ինտենսիվ աշխատանքներ կանցկացնեն, ինչին կհաջորդի հաղթողի ընտրությունը:

BIG-ի խիզախ և նորարար ճարտարապետությունը «պրագմատիզմի և ուտոպիայի հարմոնիկ համադրությունն է»: Կոպենհագենում, Նյու Յորքում և Լոնդոնում տեղակայված գրասենյակներով` Bjarke Ingels Group-ն իր յուրահատուկ նախագծերով սեփական հետքն է թողել աշխարհով մեկ: Ընկերության նախագծած Amager Resource Center-ը Կոպենհագենում աղբի վերամշակման գործարան է, որը միայն գոլորշի է արտանետում և դահուկավազքի համար նախատեսված հարթակ ունի տանիքին:

RCR Arquitectes-ը ոլորտի ամենահեղինակավոր մրցանակի` Պրիցկերի դափնեկիր է: Ընկերությունը գլխավորում են երեք ճարտարապետ, ովքեր տասնամյակներ ի վեր աշխատել են միասին կատալոնական փոքր Օլոտ քաղաքում: Ֆրանսիայի Ռոդեզ քաղաքի Soulages թանգարանի շենքի օրինակով RCR-ը կարելի է բնորոշել որպես «կայուն և իմաստալից տարածություններ ստեղծող», քանի որ այն գործածում է ժամանակակից նյութեր և հզոր երկրաչափական լուծումներ՝ համահունչ միջավայրի հետ:

MVRDV-ն հոլանադական ճարտարապետական և քաղաքաշինական ընկերություն է, որը հայտնի է դիզայնում իր համագործակցական, հետազոտական մոտեցմամբ: Ընկերության հեղինակությունը առաջ մղվեց Ռոտերդամի Market Hall-ի իր հանրահայտ դիզայնով, որը լիովին ծածկված էր հսկա կամարի տեսք ունեցող բազմաբնակարան շենքով։ Վերջերս MVRDV-ն ներկայացրեց Tianjin Binhai գրադարանը, որում լուսավորված կենտրոնական գնդի շուրջ ալիքի պես սփռված են գրքերը։

Մրցույթի առաջին փուլում նաև մասնակցել են համաշխարհային շուկայի հանրահայտ դեմքեր, ինչպես ճապոնացի Արատա Իսոզակին, Շիգերու Բանը և Կենգո Կուման, առաջատար միջազգային ընկերություններ, ինչպես Dominique Perrault-ը, Mossessian Architecture-ն ու AECOM-ը, և ճարտարապետության երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, ինչպես FABRICations-ը, Նիկոլա Լեսնը և Բարոցի Վեյգան։

ԵՄ Թումո համալիրը տարածաշրջանի ամենահավակնոտ նոր կրթական էկոհամակարգն է ինժեներության և կիրառական գիտությունների ոլորտում։ Ծրագիրը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությունն է, որն իրականացվում է Եվրոպական միության և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հետ համագործակցությամբ։ 25 միլիոն եվրոյի բյուջեով՝ նախագիծը կստեղծի բաց հարթակ և ակտիվ համայնք՝ համադրելով կրթությունն ու բիզնեսը, և միավորելով ուսանողների, երիտասարդ մասնագետների և տեղական ընկերությունների իրենց միջազգային գործընկերների հետ։