Ճապոնիայի կառավարությունը դիտարկում է արևելաաֆրիկյան Ջիբութիում տեղակայված սեփական ռազմակայանն ամրապնդելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է ճապոնական Asahi պարբերականը՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Այս նպատակի համար թիրախային հատկացումներ կարվեն 2016 ֆինանսական տարվա բյուջեից: Ջիբութիի ռազմակայանն առաջին ճապոնական ռազմական միավորումն է «ծագող արևի երկրից» դուրս: Հիշեցնենք, որ Երկրորդ աշխարհամարտից հետո Ճապոնիան երկար ժամանակ խիստ չեզոքություն էր պահպանում: Հակապատերազմականությունն ամրապնդված է անգամ երկրի սահմանադրությամբ:
Asahi-ի գնահատմամբ՝ այս քայլը հենվում է սահմանադրության տեքստի նոր մեկնաբանության վրա, որի կողմնակիցն է երկրի վարչապետ Սինձո Աբեն:
Ջիբութիի ճապոնական ռազմակայանը, որ բաղկացած է շտաբից, զորանոցներից, Lockheed P-3 Orion ինքնաթիռներից ու ավիացիոն անգարից տեղավորում է 180 զինվորականի: Դրա նպատակն է պաշտպանել Ադենի ծովածոցով երթևեկող նավերը սոմալիական ծովահենների հարձակումներից: