տուն Լուրեր Ճապոնիան կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության խթանումը

Ճապոնիան կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության խթանումը

94
0

nalbՃապոնիան կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության խթանումը։ Այդ մասին ասել է Ճապոնիայի ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ բանագնաց, դեսպան Թոշիհիրո Այկին փետրվարի 9-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը։

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարեւորեց Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների հետագա խորացումը եւ տարբեր ոլորտներում բազմաբովանդակ փոխգործակցության ընդլայնումը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ճապոնիայի ԱԳՆ հատուկ բանագնացն ընդգծեց, որ իր երկիրը կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության խթանումը, ինչին նպաստում են բարձրաստիճան շփումներն ու փոխայցելությունները։

Հանդիպմանն անդրադարձ արվեց ՀՀ նախագահի՝ Ճապոնիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, ԱԳՆ-ների միջեւ պարբերական խորհրդակցությունների անցկացման, խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջեւ փոխգործակցության, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, առեւտրատնտեսական կապերի ընդլայնման, մշակութային փոխանակումներին առնչվող հարցերին։

Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Ճապոնիայի կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված աջակցությունը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ։ Դեսպան Այկին ներկայացրեց Կորեական թերակղզում անվտանգության եւ կայունության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Մտահոգություն հայտնվեց Հյուսիսային Կորեայի կողմից՝ ի խախտումն ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի, բալիստիկ հրթիռի արձակման կապակցությամբ։

Նախարար Նալբանդյանն անդրադարձ կատարեց ղարաբաղյան հիմնախնդրին` ներկայացնելով հակամարտության գոտում տիրող իրավիճակը, բանակցային գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ջանքերն՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: