տուն Քաղաքական Վերլուծական Ճահճի անատոմիա

Ճահճի անատոմիա

259
0

Հայաստանի Հանրապետությունը 23 տարեկան է: Ինչ վիճակում է մեր երկիրը և ուրենք գնում:

Այս հարցերը բազմիցս տրվել են: Սակայն ոչ ոք սրանց չի տվել այնպիսի սպառիչ պատասխան, ինչպիսին տվել է այսօր երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը` նախագահական վերջին «ընտրությունների՚»ժամանակ Հայաստանի քաղաքացիներին դիմելիս.«… եղեք ակտիվ քաղաքացի ու թույլ մի տվեք վատ իշխանության վերարտադրություն: Եթե մերժում եք այն միտքը, որ մեր իշխանությունն այլևս պատանդ է մի քանի հարուստների ձեռքին, ապա պետք է մասնակցեք այս ընտրություններին: Եթե դուք անտարբեր դառնաք ու հանձնվեք այն գաղափարին, թե ձեր ձայնը բացարձակապես ոչ մի նշանակություն չունի, ապա ձեր լռությունը անպայման կլրացնեն նրանց ձայները, ովքեր տարիներ շարունակ հաշվի չեն առել ձեր ձայնը, խլել ձեր ապագան և ամեն ինչ արել են, որպեսզի Հայաստանը դառնա պղտոր ճահիճ, որ ամեն բան մնա անփոփոխ այս երկնքի տակ` հանուն սեփական նեղ խմբակային ու անձնական շահի: Միայն դուք, Հայաստանի սիրելի քաղաքացիներ, կարող եք ընդհատել այս արատավոր շղթան» (Արագածոտնի մարզ, փետրվարի 14): Այսինքն, մարդը սիրելի քաղաքացիներին հստակ ասում է, որ իր ղեկավարած երկիրը ճահիճ է, որտեղ հաշվի չի առնվում քաղաքացու ձայնը և որտեղ խլում են նրա ապագան` հանուն նեղ խմբակային ու անձնական շահի, որ իր իշխանությունը պատանդ է մի քանի հարուստների ձեռքին: Ասում է նաև, որ պետք է լինել ակտիվ քաղաքացի և ընդհատել այս արատավոր շղթան:

Համաձայնելով Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանին տրված  «պղտոր ճահիճ» գնահատականին, փորձենք ավելացնել մեր երկրի մի քանի կարևոր հատկանիշներ ևս:

Սա այն Հայաստանն է, որտեղ քաղաքական ռեժիմը կեղծ ժողովրդավարության, քրեաօլիգարխիայի և ավտորիտար ռեժիմի մուտացիայի ենթարկվող հիբրիդ է, որտեղ ընտրությունների ժամանակ ոչ թե ղեկավար է ընտրվում, այլ Հայաստանի գործով դատավճիռ է ընդունվում: Սա այն Հայաստանն է, որտեղ աթոռապահության համարազգի վերարտադրություն են կանխում, մարդկանց աղքատացնում, հանցագործ դարձնում, բարոյազրկում և երկրից քշում, որտեղ աշխարհի գաղտնի կազմակերպությունների կողմից մեկի աթոռապահությունը հանդուրժելու համար օրենքի ուժ են ստանում պետությանը, հասարակությանն ու մարդուն դեգրադացնող կեղծ արժեքները: Սա այն Հայաստանն է, որտեղ պետական իշխանությունը ժողովրդի դժբախտության վայելքն է, ժողովրդի աղքատության և անկրթության վրա իշխանավորի խրախճանքը, որտեղ պետությունը մնացել է աթոռապահության մեխանիզմն ապահովող քրեաօլիգարխիկ տարրերի ու թաղային վերակացուների կամայականությունների, ագահության ու օբյեկտամոլության տակ: Սա այն Հայաստանն է, որտեղ պետական կառավարման համակարգը քաղաքական աղանդավորությամբ ահաբեկված է ու նվաստացած, որտեղ պետական պաշտոնը  ընկալվում է որպես գողության հնարավորություն և որտեղ քաղաքական դաշտը ականապատված է իշխող աղանդով և հիմնականում վերջինիս կողմից գործուղված քաղաքական խոպանչիներով: Սա այն Հայաստանն է, որտեղ պետական քաղաքականությունը ժողովրդի արժանապատվության և ինքնասիրության որս է, արտոնյալ մեղավորների կողմից ամենաթողությամբ հարբածների միջոցով ժողովրդի նվաստացում ու երկրի ապականում, որտեղ կադրային քաղաքականությունը որոշում են կոմպրոմատների հաշվապահությունն ու քծնանքը, և որտեղ ամենախոշոր հանցագործներին քրեակատարողական հիմնարկ ուղարկելու փոխարեն պատգամավոր են կարգում ու բարձր պաշտոնների նշանակում: Սա այն Հայաստանն է,  որտեղ Սահմանադրություն են փոխում մեկի իշխանության պահպանման համար, որտեղ դատարանները կամազուրկ են ու անօրեն և դատավորները մեղքեր են «տեսակավորում» մեղանչելով, որտեղ հանցագործներին պատժելու փոխարեն վերահսկում են և հասարակական աղբը մաքրելու փոխարեն՝ լցնում ժողովրդի գլխին: Սա այն Հայաստանն է, որտեղ արդարությունը ոչ միայն չի խրախուսվում, այլև հաճախ չի ներվում, որտեղ կոռուպցիան ու կաշառառությունը ժողովրդին պարտադրված է և վերջինիս կողմից ընկալվում է որպես կենսապահովման կարևոր միջոց և որտեղ երկրի իշխանությունը այն ընկալում է որպես իր սոցիալական պատասխանատվության գրեթե բացակայությունը լրացնելու և մարդկանց փչացնելով վերահսկելու միջոց: Սա այն Հայաստանն է, որտեղ հասարակությանը պարտադրված են կենդանական օրենքներ, որտեղ ամենապաշտպանված իրավունքը վախի«իրավունքն» է, ամենատարածված պարտականությունը՝ անտարբերությունը, որտեղ մարդու ինքնասիրությունը, քաղաքական գիտակցությունն ու կուլտուրան տեղավորել են օրվա հացի, մտավորականի քաղաքացիությունն ու քաղաքական գործչի կամքը` «անվտանգ հայրենասիրության» մեջ, որտեղ մտավորականը վերածվել է քծնավորականի, քաղաքական գործիչը` քաղաքական աղանդավորի, և որտեղ բարեգործություն արվում է ավելի շատ թալանի թույլտվություն ու հանդուրժողականություն հայցելու համար, իսկ զոռբայությունը հաճախ ներկայացվում որպես հերոսություն: Սա այն Հայաստանն է, որտեղ գլխավոր տեխնոլոգիաները խաբելու, գողանալու և ստրկացնելու տեխնոլոգիաներն են, գլխավոր արտադրությունները՝ աղքատությունը, գործազրկությունն ու հիասթափությունը: Սա ժողովրդին ռեսուրսազուրկ ներկայացված Հայաստանն է, որի բնական ռեսուրսների հսկայական պաշարները թալանում ու ոչնչացնում են, պետական միջոցները գողանում ու ժողովրդի վզին դրված արտաքին պարտքը տարեցտարի ավելացնում … Սա բովանդակությունն ու իմունիտետը կորցնող Հայաստանն է:

Այս ճահիճը կարելի և պետք է չորացնել ու վերածել հզոր, անվտանգ ու զարգացած երկրի: Դրա համար, համաձայն Սերժ Սարգսյանի, պետք է անտարբեր չլինել, լինել ակտիվ քաղաքացի, չհանձնվել այն գաղափարին, թե քո ձայնը բացարձակապես ոչ մի նշանակություն չունի, չթողնել, որ քո փոխարեն որոշումներ ընդունի քեզ հաշվի չառնող, քո ապագան խլած, արատավոր շղթան պահպանող,  մի քանի հարուստի ձեռքին պատանդ դարձած ու երկիրը պղտոր ճահիճ դարձրած վատ իշխանությունը:

Սասուն Սարիբեկյան

«Վերելք» գիտակրթական կենտրոնի նախագահ