Ծեծկռտուք եւ դանակահարություն Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140-րդ կմ հատվածում գործող գազալցակայանի հարակից տարածքում: ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 5-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում: Ըստ Ջանոյանի՝ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 140-րդ կմ-ում գործող գազալցակայանի հարակից տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել մի քանի անձանց միջեւ, որը վերածվել է ծեծկռտուքի: Ի հետևանք՝ կողմերից մեկը կտրող-ծակող գործիքից ստացած վերքերով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ իրար հետ վիճաբանել, այնուհետև միմյանց հարվածներ են հասցրել Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի 18-րդ փողոցի բնակիչ 36-ամյա Սասուն Ստեփանյանը, նույն գյուղի 20-րդ փողոցի բնակիչ 35-ամյա Դավիթ Դավթյանը, Վայք քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ 26-ամյա Տիգրան Գևորգյանը, Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու բնակիչ 26-ամյա Սիմոն Ավետյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության հետևանքով Ս. Ստեփանյանը «աջ ազդրի վերին երրորդականի ծակած վերք» վնասվածքով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծեծկռտուքին մասնակցած Ս. Ավետյանը Վայքի քաղաքապետ Թարո Ավետյանի որդին է, Տ. Գևորգյանը՝ Վայքի ճանշինի պետ Կարո Գևորգյանի որդին, իսկ Դ. Դավթյանը Զառիթափի նախկին գյուղապետ Խաժակ Դավթյանի որդին է։