Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քննարկվեց սեռական փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ բռնությունները մեր երկրում և հարցի վերաբերյալ իրավապահ, առողջապահական համակարգի մոտեցումները:
Ասուլիսին քնարկվեց մասնավորապես փետրվարի 15-ին Երևանում կատարված միջադեպը, երբ քաղաքացիներից մեկը ծեծի էր ենթարկել մեկ այլ քաղաքացու՝ սեռական կողմնորոշման պատճառով:
«Դեպքը տեղի է ունեցել Մոսկովյան փողոցում, երբ հինգ անձինք քայլելուց են եղել այդ փողոցով և երեք երիտասարդ մոտեցել են ու սեռական բնույթի հայհոյանքներ տալով, կոնկրետ մատնանշելով մեկի սեռական կողմնորոշումը, սկսել են հարվածել հենց այդ մեկին: Հայհոյանքներից պարզ է, որ դեպքը տվյալ անձի սեռական կողմնորոշման պատճառով է տեղի ունեցել»,-դեպքի մանրամասները ներկայացրեց Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք ՀԿ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը և հավելեց.«Մեր հոմոֆոբ հասարակությունը փորձում է մեղադրանքներ առաջադրել՝ երևի փողոցում համբուրվել են, երևի ձեռք են բռնել, բայց, ցավոք, նույնսիկ դա չի եղել: Նրանք այդ շոկային օրը ոչ մի տեղ չեն դիմել, հաջորդ օրը, երբ տվյալ անձը եկավ մեր գրասենյակ, մենք առաջարկեցինք անպայման դիմել բուժհաստատություն: Մեր աշխատակցի հետ տուժողը դիմել է 1-ին կլինիկա, որտեղ բավականին խտրական են վերաբերվել նրան, սկսել են ծաղրել և նվաստացնել»:
Մամիկոն Հովսեփյանի հավաստմամբ՝ փորձել են նաև դիմել ոստիկանություն.«Մենք դիմում էինք պատրաստել, բայց արդեն հիվանդանոցից տեղեկացրել էին ոստիկանությանն ու ավելի արագ էր ստացվել: Ոստիկանություն արդեն ես ուղեկցեցի ու այնտեղ համեմատաբար ավելի կիրթ վերաբերմունք ցույց տվեցին, չնայած, որ էլի այդ քմծիծաղները կային, որին մենք արդեն սովորել ենք: Այնտեղ էլ շատ ձգձգեցին, տարբեր սենյակներ ուղարկեցին, տարբեր բլանկներ, թղթեր ուզեցին, որոնք արդեն կային»:
Դեպքին իրավական գնահատական տվեց «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի իրավաբան Արթուր Մակարյանը՝ նշելով, որ ոլորտում խտրականության մասին օրենքի անհրաժեշտություն կա. «Որևէ իրավական ակտում հստակ չի մատնանշվում տվյալ անձանց իրավունքների պաշտպանության մասին որևէ դրույթ: Այն ՀԿ-ները, որոնք աջակից են լինում նման իրավունքների խախտմանը, լիահույս են, որ այդ օրենքի ընդունումը որևէ կերպ կարող է շտկել իրավիճակը»:
Ինչ վերաբերում է հիվանդանոցում խտրականությանը՝ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս Սոնա Հարությունյանը նշեց.«Եթե անկեղծ լինենք՝ հասարակության վերաբերմունքի մեջ տեղաշարժ կա, ուղղակի հասարակությունից պահանջվում է որոշակի ժամանակահատված ընդունելու, որ ժամանակին սեռական փոքրամասնությունները դասակարգվել են որպես հիվանդներ , բայց դեռևս 1973 թվականից «Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիան» դասակարգումից հանեց նման ախտորոշումը:
Ես ինքս նման կանխակալ վերաբերմունքի չեմ հանդիպել բժշկական ասպարեզում, քանի որ հենց բժիշկներն անցնում են բժշկական հոգեբանություն: Նրանք ունեն որոշակի մասնագիտական էթիկա: Առանձին դեպքերի քննարկումը, խնդրում եմ, չմասսայականացնել»: