Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է: Հայաստանում գործում է 3 տուն-ինտերնատ և 4 ոչ պետական տուն-ինտերնատ, որոնք գրեթե բոլորն էլ խիտ բնակեցված են տարեցներով: Araratnews.am-ը տարեցների խնդիրների և ապրուստի մասին զրուցեց Նորքի տուն-ինտերնատի տնօրեն Արթուր Մելքոնյանի հետ:
-Պարոն Մելքոնյան, որո՞նք են այն հիմնական պատճառները, որ դրդում են մարդուն ծերանոց գալ:
-Այդ պատճառները տարբեր են: Մարդիկ կան, որ իրենց կամքով են գալիս, մարդիկ կան, որոնց երեխաներն են բերում ծերանոց: Պատահում է նաև, որ նրանք պարզապես անբավարար ֆինանսական միջոցների պատճառով են գալիս այստեղ, կամ էլ խնդիրներ են ունենում ընտանիքի անդամների ու հարազատների հետ:
-Ինչպե՞ս են տարեցները շփվում հարազատների հետ:
-Անցյալ տարվանից մենք «Սքայփ»-ի սենյակ ունենք, որտեղից մեր բնակիչները կարողանում են շփվել հարզատների հետ, որովհետև կան բնակիչներ, որոնց հարազատներն արտասահմանում են: Հարազատների կողմից այցելություններ էլ են լինում: Պատահում է, որ քանի օրով նրանք որոշում են տուն տանել ծնողներին:
-Իսկ երբ կրկին վերադառնում են ծերանոց՝ հոգեբական խնդիրներ չե՞ն առաջանում:
-Մարդ կա, որ շատ ուրախ է վերադառնաում, մարդ կա՝ տխուր, կան մարդիկ էլ, որոնք մեր հոգեբանների բացատրական աշխատանքների շնորհիվ վերադարձել են տուն: Երբեմն նրանց հարազատներին էլ ենք հրավիրում այստեղ՝ զրուցելու նրանց հետ, լինում են դեպքեր, երբ բացատրական աշխատանքներ ենք տանում նաև հարազատների հետ, եւ այս աշխատանքներից հետո ոմանք տուն են վերադարձել, կամ հարազատներն են նրանց տուն տարել:
-Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնց առնչվում են տարեցները:
-Ելնելով տարիքից՝ գրեթե բոլորն էլ առողջական խնդիրներ ունեն: Բայց տուն-ինտերնատը բուժաշխատակազմ ունի, ինչպես նաև մի շարք հիվադնանոցների հետ է համագործակցում, որը թույլ է տալիս պետպատվերով կազմակերպել բնակիչների բուժումը: Եթե պետպատվեր ձևակերպելն անհնար է լինում, մենք փորձում ենք պահանջվող գումարը տարբեր ակցիաների միջոցով հավաքել: Ինչ վերաբերում է սննդակարգին, ապա այս տեսանկյունից բնակիչները խնդիր չունեն: Պետությունը պատշաճ սնունդ է ապահովում ինտերնատին:
-Ինչո՞վ են հիմնականում զբաղվում տարեցները:
— Տուն-ինտերնատի բնակիչների խնդրանքով վերջերս մեզանում բիլիարդի և թենիսի սեղան տեղադրվեց: Ունենք նաև տատիկներ, որոնք ասեղնագործում են: Նախորդ տարի Ամանորին նրանք իրենց ձեռքով գլխարկներ և շարֆեր գործեցին ու դրանք նվիրեցին Նորքի մանկատան երեխաներին: Մենք նաև փորձում ենք բնակիչների հանգիստը կազմակերպել, օրինակ, մոտ երկու շաբաթ առաջ Սևանից ենք վերադարձել: Նրանք սիրում են Սևանը:
-Ինչպե՞ս եք պատրաստվում նշել տարեցների միջազգային օրը:
-Վաղը միջոցառում ենք կազմակերպելու: Ժողովրդական երգիչները, պարային խմբերը, ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի՝ կգան շնորհավորելու տարեցներին, հետո կլինի խնջույք: Երգ ու պար էլ կկազմակերպվի նրանց ուրախացնելու համար:
Լուսանկարները՝ Նորքի տուն-ինտերնատի ֆեյսբուքյան էջից:
Վարդուհի Ստեփանյան