«Ծառուկյան» դաշինքն ընդդիմություն չէ. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, նշելով, որ այս շրջանում հաճախ է քննարկվում այն հարցը, թե ո՞վ է ընդդիմադիր, ո՞վ` ոչ:
Հարությունյանը հավելեց՝ օրինակ՝ ընդդիմադիր չէ «Ծառուկյան» դաշինքը. «Ես կարծում եմ, որ, ոչ, ԲՀԿ-ն ընդդիմադիր չէ: Գագիկ Ծառուկյանն էլ չի բացառել, որ ընտրություններից հետո կարող է կոալիցիա ձևավորեն»:
Իսկ իրական ընդդիմադիր ուժերը, բանախոսի խոսքով՝ «Ելք» դաշինքն է, ՀԱԿ-ը և «Ազատ դեմոկրատները». «Ամենաազդեցիկ ընդդիմությունը «Ելքն» է, որը կանգնած է սկզբունքային դիրքերում: Իրենց շատ հարցադրումներին համաձայն չեմ: Նույնիսկ իրենց մոտ ես ավելի շատ զգում եմ ցանկություն, քան այդ ցանկությունն իրականացնելու կարողություն: Նրանք էլ դա չեն թաքցնում: Ասում են, որ իրենք միավորված ընդդիմություն են և ԱԺ-ում հավակնում են ընդդիմադիր սեկտորը գրավել, ոչ թե իշխանական: Դա նորմալ է»:
Ինչ վերաբերում է ՕՐՕ դաշինքին և Սամվել Բաբայանի ձերբակալությանը, պատգամավորը հավելեց, որ նրա ձերբակալությունը որևէ աղերս չունի ՕՐՕ դաշինքի հետ. «Ես չեմ կարծում, որ այն, ինչ տեղի է ունենում, աղերսներ ունի ՕՐՕ-ի հետ, թեպետ ՕՐՕ-ն փորձում է այն վերագրելով իրեն` իրականության հետ կապ չունեցող դիվիդենտներ շահել»: