Քաղաքացիներին մատուցվող ծառայությունները դյուրացնելու նպատակով ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեն, հավատարիմ մնալով իր որդեգրած գործելաոճին՝ բարեփոխումների իրականացման քաղաքականությանը, շարունակում է համակարգում մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու քաղաքացիների համար առավել դյուրին պայմանների ստեղծմանն ուղղված բարեփոխումները:
Դրանք միտված են համակարգի ծառայություններից օգտվող քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը եւ համակարգի աշխատանքի թափանցիկությանը:
Այդ նպատակով սույն թվականի մարտ ամսից համակարգի սպասարկման գործառույթներում գործում են հետեւյալ փոփոխությունները.
Նախկինում կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային կայքում (e-cadastre.am) դիմումի համարի մուտքագրման ժամանակ քաղաքացիներին տրամադրվում էր տեղեկատվություն միայն դիմումի ընթացքի վերաբերյալ: Այժմ բացի դիմումի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց, քաղաքացին հնարավորություն ունի նաեւ դիտելու ավարտական փաստաթուղթը (վկայական, տեղեկանք, կասեցում, մերժում եւ այլն), ինչպես նաեւ այն ներբեռնելու եւ տպելու հնարավորություն:
Այսուհետ դիմումատուների ցանկությամբ sms կարճ հաղորդագրությամբ նրանց կծանուցվի իրենց կողմից սպասարկման գրասենյակ ներկայացված դիմումների քննարկման ընթացքի ավարտի վերաբերյալ: Այդպիսով, դիմումատուներն ավարտական փաստաթուղթը ստանալու համար գրասենյակ կայցելեն միայն դրա պատրաստ լինելուց հետո:
Սեփականատերերին կամ գրավառուներին sms կարճ հաղորդագրության տեսքով եւ էլեկտրոնային նամակով կծանուցվի կոնկրետ անշարժ գույքերի նկատմամբ համակարգ մուտքագրված իրավունքների պետական գրանցման կամ դրանց դադարման եւ միասնական տեղեկանքի տրամադրման դիմումների ու դրանց հիման վրա կայացված որոշումների մասին: