Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել, իսկ 24-ի լույս 25-ի գիշերը շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտում ընդհանրապես չի արձանագրվել:
«Այս լռությունն իսկապես տարօրինակ է, որովհետև անգամ մեծ ցանկության դեպքում լինում են որոշակի պատահական կրակոցներ, իսկ այսօր ոչ մի կրակոց չի եղել: Երևի Վիեննայի հանդիպման ժամանակ կողմերը ստացել են լրջագույն երաշխիքներ, որ հրադադարի ռեժիմը չի խախտվի, գոնե մինչև հունիսյան նախատեսված հանդիպումը և այդ է պատճառը, որ ամեն գնով փորձում են իրենց խոստումները պահել»,-այս մասին araratnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ հավելելով, որ հունիսյան հանդիպման հետ լուրջ հույսեր է կապում:
Հարցին՝ ինչ կլինի հանդիպումից հետո, քաղաքագետը պատասխանեց.«Դա արդեն հանդիպման արդյունքներից կերևա, հիմա նույնիսկ դժվար է ասել, թե ինչի մասին են խոսելու, ինչի շուրջ են պայմանավորվելու»:
Ինչ վերաբերում է ամռանն ադրբեջանական կողմի լայնածավալ գործողությունների վերսկսման մասին հայտարարություններին՝ Աղասի Ենոքյանը նշեց.«Ես նույնպես այն կարծիքին եմ, որ ամռանը լայնածավալ գործողություններ կլինեն, այնուամենայնիվ պետք է սպասենք հանդիպմանը, տեսնենք՝ ինչ կլինի: Բայց մինչև աշուն չպետք է բացառել քառօրյա պատերազմի ավելի լայնածավալ կրկնությունը»:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ևս պայմանական լռությունը կապում է հունիսյան հանդիպման և Ադրբեջանի ակնկալիքների հետ.«Ըստ էության՝ Ադրբեջանն ակնկալիք ունի, որ հունիսյան հանդիպման ժամանակ կառաջարկի կոնկրետ նախագիծ և միջնորդները կստիպեն, կպարտադրեն Հայաստանին, որպեսզի Հայաստանն ընդունի ինչ որ մի ծրագիր, որտեղ ավելի շահեկան շեշտադրումներ կլինեն Ադրբեջանի համար: Հենց դրա համար Ադրբեջանը հիմա իրեն զգույշ է պահում, որ իր դիվանագիտական ճակատում առանձնակի դժգոհություններ չառաջացնի. սա է խնդիրը»:
Անդրադառնալով ամռանը սպասվող հավանական լայնածավալ գործողություններին՝ քաղաքագետը հավելեց.«Քանի դեռ Ադրբեջանը համարում է, որ ինքն ուժեղ է, քանի դեռ ունի ռազմական տեխնիկայի մեծ առավելություն, ինքը պատերազմական գործողություններով փորձելու է պարտադրել, որպեսզի Հայաստանը գնա զիջումների, եթե իհարկե Հայաստանը մինչև այդ չգնա զիջումների: Սակայն հասարակական տրամադրություններն այնպիսին են, չեմ կարծում, որ իշխանությունները կհամաձայնեն որևէ նախագծի, որտեղ ակնհայտորեն կվտանգի ԼՂՀ անվտանգությունը: Դրա համար էլ շատ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը նորից կգնա լայնածավալ գործողությունների,՝արդեն հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին»: