ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ով ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում ՀՀԿ ցուցակով առաջադրված էր թիվ 2 ընտրատարածքում, չի լսել նույն ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ մեկ այլ թեկնածու Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակին պատկանող «ՍԱՍ գրուպի» սկանդալային ձայնագրությունը:
«Անկեղծորեն պիտի ասեմ, չի հետաքրքրել ինձ, որպեսզի ես այդ ձայնագրությունը լսեմ, գիտեմ ձայնագրության մասին, ուղղակի չեմ լսել: Ընդամենը մի բան կարող եմ ասել, որ ցանկացած թեկնածու առավել ևս իր աշխատակիցների հետ պիտի հնարավորություն ունենա զբաղվելու իր քարոզչական խնդիրներով, թե դրանք ինչ բնույթի են եղել` ես տեղյակ չեմ»,- «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասաց Ս. Սահակյանը՝ անդրադառնալով ՍԱՍ գրուպի հայտնի ձայնագրությանը՝ հավելելով, որ եթե իր ականջով լսի, անպայման կմեկնաբանի:
Պատասխանելով այն հարցին, թե իրեն որտեղ է ավելի շատ տեսնում` գործադիրո՞ւմ, թե՞ օրենսդիրում, Արման Սահակյանն ասաց. «Ես բազմիցս ասել եմ, որ ցանկացած մարդ, եթե զբաղվում է քաղաքականությամբ, պիտի ունակություն ունենալ լսելու նաև իր քաղաքական թիմի որոշումները: Եթե քաղաքական թիմը կորոշի, որ ես պիտի մնամ գործադիրում, ուրեմն կմնամ գործադիրում: Եթե քաղաքական թիմը կորոշի, որ պիտի գնամ օրենսդիր, ուրեմն ես կլինեմ օրենսդիրում»:
Իր սեփական ցանկությանն անդրադառնալով` նա նշեց. «Ես 2007-2011 թթ. եղել եմ ԱԺ պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով ընտրված: Ես իմ կենսակերպով շատ ակտիվ եմ, եթե իմ որոշմանը մնամ, բնականաբար, ես ինձ տեսնում եմ ավելի շատ գործադիր մարմնում, քան օրենսդիրում»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ հարաբերությունների մեջ է Տարոն Մարգարյանի հետ, Սահակյանն ասաց, թե շատ լավ: «Մենք նաեւ մանկական ընկերներ ենք»,- ասաց նա: