Ըստ ԱՎԾ-ի 2015թ.-ի հունվար-դեկտեմբերի ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշների, որտեղ ներկայացված է նաև «Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների» ոլորտի ցուցանիշները, տեսնում ենք, որ ըստ տնտեսության իրական հատվածի արտադրության, առևտրի և ծառայությունների տեսակների, այս ոլորտի շրջանառությունը նախորդ տարի կազմել է 235,4 մլրդ. դրամ: Դրա 160,1 մլրդ դրամը (68 տոկոսը) ապահովել է «հեռահաղորդակցությունը», իսկ «տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ծառայություններ» ոլորտը իր հերթին մատուցել է մոտ 43 մլրդ. դրամի ծառայություններ, իրականացվել է նաև 2 մլրդ. դրամի արտադրություն և 31 մլրդ. դրամի առևտուր:
Եթե անցած տարին բարենպաստ էր ՏՏ ոլորտի համար, ապա հեռահաղորդակցության ոլորտի համար, տարի այնքան էլ դրական չէր: Այսպես, ըստ ԱՎԾ-ի «տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ծառայությունների» ոլորտը անցած տարի գրանցել է 14,5 տոկոս աճ, այն դեպքում, երբ հեռահաղորդակցության ոլորտը գրանցել է 6,7 տոկոս չափով անկում:
Նշենք, որ ՏՏ ոլորտի աճը պայմանավորված է մի քանի հանգամանքներով, նախ այն, որ այն արտահանման մեծ ներուժ ունի, երկրորդ, որ նաև ներքին շուկայում, օր-օրի կարևորվում է տեղեկատվական տեխնոլոգիաների կարևորությունը, լուծումները տարբեր ոլորտներում և մեծանում է դրանց կիրառման շրջանակները և երրորդ` պետության կողմից աջակցությունը նույնպես իր դրական պտուղներն է տալիս: Նշենք, որ այստեղ «տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ծառայությունների» տակ հասկացվում է ծրագրային ապահովման մշակումը, տվյալների մշակումը, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և վեբ- պորտալների հետ կապված գործողությունները:
Հիշեցնենք, որ ըստ «ՏՏ ոլորտի ոլորտի պետական օժանդակության մասին» օրենքի` նախատեսվում է շահութահարկի զրոյական տոոկսադրույք և 10 տոկոսանոց եկամտահարկ հավաստագրված Startup ընկերությունների համար: Ըստ Էկոնոմիկայի նախարարի, 2015 թ.-ին ստեղծվել են 79 սկսնակ ընկերություններ և 329 նոր աշխատատեղեր: Նշված ընկերություններից 64-ը ստացել են հավաստագրեր` հարկային արտոնություններից օգտվելու համար:
Ինչ վերաբերվում է հեռահաղորդակցության ոլորտին, այստեղ ամենամեծ շրջանառությունը՝ մոտ 61 տոկոսը ապահովել են բջջային ծառայությունները (98,2 մլրդ. դրամ չափով), որի հասույթը սակայն նախորդ տարվա համեմատ նվազել է՝ 9 տոկոսով: Նվազել է նաև հեռախոսային (լարային) ծառայությունները՝ 15 տոկոսով: Հիմնականում, այս երկու ծառայություններն էլ ազդել են հեռահաղորդակցության հասույթի անկման վրա: Դա պայմանավորված է եղել բնակչության թվաքանակի և եկամուտների նվազման փաստով: Չնայած դրա, աճ են գրանցել ինտերնետ ծառայությունները՝ 2,3 տոկոսով: Սրա մասնաբաժինը երկրորդն է հեռահաղորդակցության ոլորտի կառուցվածքում՝ 31,6 մլրդ. դրամ հասույթով և 20 տոկոս տեսակարար կշռով: Ինտերնետ հասանելիության աճը պայմանավորված է նրանով, որ ի տարբերություն բջջային և լարային կապի, որոնցով գրեթե ամբողջովի հասանելի է հանրապետությունը, ինտերնետ ծառայությունների հասանելիության ընդարձակման տեղ դեռևս կա, և բացի այդ, դրանց ծառայությունների նվազող գների արդյունքում, ինտերնետ հասանելիության աճ է գրանցվել: