տուն Քաղաքական Վերլուծական Տարեվերջի շոկերը թողեցին իրենց ազդեցությունը

Տարեվերջի շոկերը թողեցին իրենց ազդեցությունը

133
0

1383403889_dollar-dram-exchange-rates5
Տարեվերջյան երկու-երեք ամիսներն այնքան էլ բարեհաջող չդասավորվեցին Հայաստանի տնտեսության համար։ Արտաքին եւ ներքին շոկերը ոչ միայն պահպանվեցին, այլեւ ավելի ուժգնացան։ Դա արտահայտվեց հատկապես ֆինանսական շուկաներում։ Մի բան, ինչը բացասաբար ազդեց տնտեսական գործընթացների վրա։

Տարեվերջից մեկ ամիս առաջ Հայաստանում տնտեսական ակտիվությունը կազմեց 3,8 տոկոս։ Սեպտեմբերին այն հասնում էր ընդհուպ մինչեւ 4,3 տոկոսի։ Սակայն հաջորդող շրջանում ի հայտ եկած նոր զարգացումները այդպես էլ թույլ չտվեցին խորացնել ձեռքբերումները։

Դա պայմանավորվեց, առաջին հերթին, Ռուսաստանի տնտեսության ու ֆինանսական շուկայի վայրիվերումներով։ Թեեւ այստեղից թելադրված ռիսկերն առկա էին գրեթե ամբողջ տարվա ընթացքում, այնուհանդերձ խնդիրներն առավել սրվեցին հատկապես վերջին մի քանի ամիսներին, երբ իրավիճակի վատացումը նոր տեմպ ստացավ։

Մասնավորապես ռուբլու արժեզրկումը մեծացրեց ճնշումը հայկական արտահանման վրա։ Եթե մինչեւ սեպտեմբեր հայաստանյան տնտեսավարողներին դեռեւս հաջողվում էր առանց կորուստների դուրս գալ իրավիճակից, ապա սեպտեմբերից հետո պատկերը փոխվեց։ Ռուբլու արժեզրկման տեմպերն այնքան արագացան, որ արտահանողները ստիպված էին գոնե ժամանակավորապես նվազեցնել ռուսական շուկայի մատակարարումները՝ հնարավոր վնասներից իրենց ապահովագրելու նպատակով։

Հատկապես որ, միջնորդները եւ շուկայի մյուս մասնակիցները հրաժարվում էին գնալ մատակարարվող ապրանքների գների բարձրացման։ Դրա հետեւանքով առանձին ոլորտներում արտահանումը կրճատվեց ընդհուպ մինչեւ 50 տոկոսով։
Այս գործընթացները չէին կարող չազդել արտահանման ընդհանուր ծավալների վրա։

Արտաքին անբարենպաստ միջավայրին զուգահեռ նոյեմբերից ակտիվացան ճնշումները նաեւ Հայաստանի արժութային շուկայում։ Թեեւ ազգային արժույթի արժեզրկումը սովորաբար դրական ազդեցություն է ունենում արտահանման վրա, այնուհանդերձ այստեղ ի հայտ եկած անորոշությունները մի պահ այնքան խորացան, որ սկսեցին հակառակ հետեւանքն ունենալ։ Այդ պայմաններում տնտեսավարողները ստիպված էին պաուզա վերցնել։

Վերջին օրերին իրավիճակը արժութային շուկայում բավականաչափ կարգավորվել է։ Սակայն նախկինում եղած սպասումները դեռեւս ամբողջությամբ չեն չեզոքացվել։ Մինչդեռ, տնտեսությանն անհրաժեշտ է, որպեսզի այս շուկան լինի կայուն եւ կանխատեսելի։ Կտրուկ տատանումները ոչ մի պարագայում չեն կարող ձեռնտու լինել տնտեսավարողների համար։

Նշենք նաեւ, որ թեեւ տարվա ընթացքում եւ հատկապես վերջին երեք ամիսներին դրսեւորված ոչ այնքան բարենպաստ պայմաններին, այնուհանդերձ պաշտոնական տվյալներն արձանագրել են արտահանման ավելացում։ Նախորդ տարվա համեմատ տարեսկզբի 11 ամիսներին աճը կազմել է 2,7 տոկոս։

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ