Նախորդ տարվա վերջին դրսեւորված արտաքին եւ ներքին մարտահարվերները տնտեսական տարվա մեկնարկին զգալիորեն մեծացրել են ճնշումը ակնկալվող տնտեսական գործընթացների վրա։ Թերեւս պատահական չէ, որ միջազգային վարկանշային «Մուդիս» կազմակերպությունը նվազեցրել է Հայաստանի տնտեսական եւ ֆինանսական դիրքին վերաբերող որոշ ցուցանիշներ։
Մտահոգություններն ուղղակիորեն կապված են Ռուսաստանից թելադրվող դրսեւորումների հետ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ռուսական շուկայից ստացվող մասնավոր փոխանցումներին եւ արտահանման հնարավորությունների սահմանափակմանը։
Որքան էլ Եվրասիական տնտեսական տարածքի, մասնավորապես ռուսական շուկայի ընձեռած իրացման հնարավորություններից օգտվելու Հայաստանի ակնկալիքները բավական մեծ են, այնուհանդերձ այս տարի էական արդյունքի հասնելու հեռանկարները չեն կարող շատ մեծ լինել։ Պատճառը ռուսական տնտեսության ու ֆինանսական համակարգի ներկա վիճակն է։
Միջազգային որոշ կազմակերպությունների գնահատումներով, այս տարի Ռուսաստանի տնտեսության անկումն էլ ավելի կխորանա եւ կարող է հասնել ընդհուպ մինչեւ 5,5 տոկոսի։ Մյուս կողմից շարունակում է պահպանվել ռուբլու թուլացումը։ Մի բան, ինչը կարճատեւ հատվածում լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում արտահանողների համար։
Տարեսկզբին Հայաստանի տնտեսության համար ձեւավորված ռիսկերը կապված են ոչ միայն Ռուսաստանի, այլեւ միջազգային շուկաների հետ։ Համաշխարհային տնտեսության դանդաղ աճի հետեւանքով, հանքահումքային ապրանքների՝ մասնավորապես պղնձի գները իջել են այնպիսի մակարդակի, որը էապես նվազեցրել է տնտեսության այս ճյուղի աշխատանքի արդյունավետությունը։
Տարեսկզբին արդեն պղնձի տոննայի համաշխարհային գինը տատանվում է 5,6-5,7 հազար դոլարի սահմաններում։ Սա, մեղմ ասած, այնքան էլ չի բխում ոլորտի հայկական ընկերությունների շահերից, որոց մոտ պղնձի գների 6 հազար դոլարից ցածր լինելը սկսում է որոշակի խնդիրներ առաջացնել։ Պատահական չէր, որ ժամանակին կառավարությունը ստիպված եղավ ոլորտի ընկերություններին աջակցելու նպատակով որոշակի ֆինանսական օժանդակություն տրամադրել։
Արտաքին հատվածից թելադրված այս ռիսկերին զուգահեռ նոր խնդիրներ են առաջացել նաեւ ներքին տնտեսության մեջ։ Դրանք ուղղակիորեն կապված են անցած տարվա վերջին ֆինանսական ոլորտում ի հայտ եկած բարդությունների հետ։ Բանկային համակարգում նկատվում է փողի թանկացման միտում։ Այն տեսանելի է հատկապես դրամային միջոցների դեպքում։ Բանկերը սկսել են դրամով ավանդեր ներգրավել ընդհուպ մինչեւ 16 տոկոսով։ Մի բան, ինչը բնականաբար կթանկացնի նաեւ այդպիսի վարկերը։ Մինչդեռ դրանց պահանաջարկը եւ նշանակությունը տնտեսության մեջ բավականաչափ մեծ է։
Տարեսկզբին ձեւավորված այս մարտահրավերների պայմաններում մեծացել են ակնկալվող տնտեսական աճի ռիսկերը։ Դրանց հետեւանքները քիչ, թե շատ մեղմելու համար անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել ներքին տնտեսական հնարավորությունները՝ բարելավելով ինչպես գործարար միջավայրը, այնպես էլ օժանդակելով տնտեսական կարեւոր ծրագրերի իրականացմանը։
Վ.ՔՈՉԱՐՅԱՆ