Արդեն տեղեկացրել էինք, որ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում ապրիլի 1-ից հանրապետության ողջ տարածքում իրականացվում են պատվաստումներ` դաբաղի նոր՝ AG-VII, ենթատեսակի կանխարգելման նպատակով: Ինչպես նշված էր ՍԱՊԾ հայտարարության մեջ մի քանի համայնքների գյուղացիական տնտեսություններում ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հիմա որոշակի խոչընդոտներ են ստեղծվում կանխարգելիչ միջոցառումների ընթացքում:
Araratnews.am-ի հետ զրույցում ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը նշեց՝ մարդիկ չեն ցանկանում իրենց կենդանիներին պատվաստել, որովհետև վախենում են, որ կենդանու կաթնատվությունը կպակասի.«Կենդանիներին պատվաստել չեն ուզում, պատճառաբանելով, որ կենդանին, եթե հղի է՝ կվիժի կամ կաթնատվությունն ու մսատվությունը կնվազի, կենդանին սթրեսի կենթարկվի: Մինչդեռ մասնագետները պնդում են, որ պատվաստանյութի կիրառման հրահանգում չկա որևէ հակացուցում և այն անհրաժեշտ է»: Նվարդ Առաքելյանի խոսքով՝ այնուամենայնիվ տարածաշրջանում դաբաղով վարակվելու ռիսկը մեծ է և չպատվաստելու դեպքում տնտեսական կորուստն ավելի մեծ կարող է լինել:
Նշենք նաև, որ ըստ ՍԱՊԾ տվյալների՝ 2015 թվականին Արմավիրում դաբաղի հայտնաբերված դեպքից հետո այլ դեպք հանանրապետությունում չի գրանցվել: Միայն այսօր արձանագրվել է Երևանի Ջրաշեն թաղամասում մեկ հորթի սատկելու մասին: Ջրաշենի լիազորը araratnews.am-ին տեղեկացրեց, որ իրենց թաղամասում կենդանիներին պատվաստել են, սակայն հորթերին պատվաստել չի կարելի.«Այո, դեպքը եղել է, մեկ կաթնակեր հորթ է սատկել: Մեր թաղամասի բնակիչներից մեկն ասել էր, որ 30 կենդանի է սատկել, բայց այդպիսի բան չի եղել: Ով ասել է, տարեց մարդ է եղել, թե չէ, որ այդպիսի բան լիներ, բոլոր անասնատերերը, որոնց կենդանին սատկել է, պետք է եկած լինեին»:
Նվարդ Առաքելյանը հավաստիացրեց, որ դեպքի մասին ՍԱՊԾ-ն տեղյակ է և սատկելու պատճառները պարզելու համար ուսումնասիրություն են իրականացնում.«Մեր մասնագետներն այնտեղ են գնացել, մեկ սատկած կենդանի է եղել, որին թաղել են, իսկ դրանից մի քանի օր հետո փորձաքննությունից, բնական է, օբյեկտիվ պատկեր չի լինի»: