Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց միջազգային հանրության ազդեցիկ չլինելու մասին. «Միջազգային հանրությունը լուրջ գործիքակազմ չունի, որպեսզի ազդի Ադրբեջանի վրա: Հարաբերական այս անդորրը պահպանվում է բացառապես հայկական զինված ուժերի մարտունակության, նրանց պատրաստվածության, և թշնամուն հակադարձելու պատրաստակամ լինելու շնորհիվ: Միջազգային հանրությունը չի կարողնաում ազդել Ադրբեջանի վրա և ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք հետագայում կբացառեն Ադրբեջանի կողմից սադրիչ քաղաքականության անօրինականությունը: Մեր միակ հույսը, խնդիրը վերահսկողության շրջանակում պահելու միակ ձևը, համապատասխան մարտական գործողություններ իրականացնելն է: Սա կարելի է պատերազմի նոր ձև անվանել, որտեղ կհաղթի այն կողմը, որը կլինի նախահարձակ և որը ավելի զգոն կլինի սահմաններին»:
Ըստ քաղաքագետի. «Հայկական կողմը Մինսկի խմբից հրաժարվելու նպատակ չունի: Հակառակը, հայակական կողմը փորձելու է դա որպես միակ հնարավոր միջազգային օղակ՝ Ադրբեջանին ինչ-որ բան հանձնելու և նրանցից ինչ-որ բան իմանալու համար պահպանել այս կառույցը: Այլ հարց է, թե ինչպես կպահի իրեն Ադրբեջանը: Նրանք վաղուց փորձում են այդ կառույցը կազմաքանդել և տարբեր երկրների ներքաշել տարածաշրջանում կայունություն ապահովելու համար: Ադրբեջանը շատ կցանկանա այնտեղ տեսնել Թուքիայի դերակատարումը, որովհետև նրանք հասկանում են, որ Մինսկի խումբը նաև ակումբ է, որտեղ գերտերությունները համաձայնեցնում են իրենց քաղաքականությունը Հարավային Կովկասում: Սակայն Ադրբեջանի այս գործունեությունը, որը մինչև օրս ապարդյուն է եղել, այժմ կրկին ապարդյուն կլինի»: