Շատերը կհամաձայնեն, ատամնացավն ամենաանտանելին է: Ատամնացավի դեպքում պետք է իսկույն դիմել բժշկի, քանի որ դա նշանակում է, որ շարունակական պրոցես է սկսվել:
Իսկ ինչ կարելի է անել, երբ ցավը գիշերն է սկսվում: Բարեբախտաբար,կան միջոցներ, նման դեպքերում ցավը մեղմելու համար:
Ատամնացավը տարբեր պատճառներով կարող է առաջանալ: Ուստի ինքնուրույն անհնար է ցավի աղբյուրը պարզել: Երբեմն ցավ է առաջանում ոսկրահյուսվածքի վնասման, հաճախ էլ` լնդերի բորբոքման ժամանակ: Իսկ ամենահաճախ հանդիպող պատճառը կարիեսն է, որի դեպքում ատամը սուր է արձագանքում տաքին ու սառին: Այդ ցավը եթե երկարում է, հյուծում է օրգանիզմը: Ուստի, ատամնացավին դիմանալ երկար չի կարելի:
Եթե ատամնացավը սկսվել է այն ժամանակ, երբ բոլորովին հնարավորություն չունեք մասնագետի մոտ գնալու, կարելի է վիճակը թեթևացնել առաջին հերթին ցավազրկողով` անալգին, բարալգին, նուրոֆեն: Այս միջոցները բթացնում են ցավը ու փոքր ինչ բորբոքային պատկերը վերացնում: Թվարկված դեղամիջոցների բացակայության դեպքում կարելի է բամբակյա խծուծը վալոկորդինով թաթախել ու դնել ցավոտ տեղը: Սակայն, հիշեք, ցավն անցնելը դեռևս չի նշանակում, որ խնդիրը ևս վերացել է: Առավոտյան, առաջին իսկ հնարավորության դեպքում իսկույն մասնագետի մոտ գնացեք, հակառակ պարագայում` հաջորդ գիշերն էլ նուն տառապանքի հեռանկարն է ձեզ սպասվում:
Սուր ատամնացավի դեպքում պետք է բերանի խոռոչը լավ լվանալ ու հեռացնել սննդի մնացորդները: Նման դեպքերում առաջարկվում է բերանը ողողել սոդայի կամ աղի լուծույթով` մեկ բաժակ գոլ ջրին` մեկ թեյի գդալ աղ կամ սոդա լուծած:
Ի դեպ, տանը կարելի է միշտ եղեսպակի, երիցուկի չոր հումք ունենալ (վաճառվում է դեատներում): Ատամնացավի դեպքում 1 ճ.գդալ չոր հումքի վրա լցնել 200 գ եռման ջուր ու եռացնել ևս 10 րոպե, ապա կրակից վերցնել ու թրմել: Այդ թուրմով պետք է ողողել բերանը յուրաքանչյուր 30 րոպեն մեկ: Հիշեցնենք, որ թուրմը պետք է գոլ լինի:
Նռան կեղևը նույնպես շատ լավ միջոց է հատկապես բորբոքային խնդիրների դեպքում: Նռան կեղևը երբեք դեն մի նետեք: Այն բորբոքային երևույթների ժամանակ է օգնում ու նաև փորլուծի:
Ատամնացավի դեպքում նռան կեղևի վրա պետք է եռման ջուր լցնել, եռացնել, ապա թրմել մի 2 ժամ: Այդ թուրմով բերանը ողողել ու հնարավորինս երկար բերանում պահել:
Ի դեպ, երբ ասվում է թուրմը պետք է գոլ լինի, միանշանակ բոլոր դեպքերին չէ դա վերաբերվում, քանի որ, եթե թարախային պրոցես է ընթանում, ապա տաքն էլ ավելի է ցավը խորացնում: Մի թեստ կարելի է անել` եթե տաք թուրմը ուժգնացնում է ցավը և հակառակը, սառը հանգստացնում, կնշանակի թարախային պրոցես կա բերանի խոռոչում:
Ի դեպ, ատամնացավը հանգստացնելու մի միջոց էլ կա, որը սակայն երևի թե կիրառելի լինի գարնանը: Գործնականում այս միջոցի արդյունավետությունն ապացուցված է: Դրա համար պետք է եզան լեզվի արմատը դնել այն ականջի մեջ, որ կողմում ատամնացավ է առաջացել: Ասում են` ամենաուշը կես ժամից ցավն անցնում է: Տարօրինակ է, բայց փաստ:
Մեկ այլ միջոց է աղի սոխ ու սխտորի խառնուրդը: Դրա համար վերցնում են հավասար քանակությամբ սոխ-սխտորի շիլայանման զանգված, ավելացնում դրան աղ ու դնում ցավոտ ատամի վրա, վրայից` բամբակ, եթե խոռոչ կա, ապա` խոռոչի մեջ: Այս միջոցը սպանում է բորբոքման տեղում ցավ առաջացնող մանրէները:
Ժողովրդական բժշկության մեջ ցավազրկող շատ տարօրինակ ու անբացատրելի միջոցներ կան, որոնցից մեկն էլ ատամնացավի դեպքում դաստակին, զարկերակի շոշափման տեղում սխտորով շփումն է: Կարելի է նաև մանացրած սխտորը թանզիֆով փաթաթել դաստակին այնպես, որ հյութը քսվի մաշկին: Այստեղ մի նրբություն կա. սխտորը պետք է դնել հակառակ դաստակին, այսինքն, եթե ցավն աջ կողմում է , ապա սխտորը դնում են ձախ դատակին: Սրա մեխանիզմն անհասկանալի է, սակայն գործուն: