Տաքսիստների 80 %-ը 5000 դրամ տուգանվում է արգելված տեղում կայանելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Վերջինս նկատեց, որ կայանումների հարցը բազմիցս բարձրացվել է ՀԿ-ի կողմից, ներկայացվել են առաջարկներ, մինչդեռ ճանապարհային ոստիկանությունը չի ցանկանում ՀԿ-ին ընդառաջ գնալ:
«Մենք առաջարկում են տաքսիստներին թույլատրել երկրորդ գծում ուղևորին իջեցնել և նստեցնել: Հաջորդ առաջարկի համաձայնˋ Ճանապարհային ոստիկանությունը պետք է փոխարինի կայանելու արգելանքի նշանըˋ կանգառ անելու նշանով: Այս դեպքում տաքսիստները հինգ րոպե կանգառի իրավունք կունենան, որպեսզի ուղևորը նստի կամ իջնի»,-նշեց բանախոսը:
Նա տեղեկացրեց, որ ՃՈ-ն հրաժարվում է աս առաջարկներն ընդունելˋ պատճառաբանելով, որ դրանք վերահսկող մարմին չկա: Բանախոսն առաջարկում է դրանց վերահսկողությունն իրականացնել այն մարմինների օգնությամբ, որոնք վերահսկում են կարմիր գծերի վրա մեքենաների կայանումը:
ՀԿ նախագահը նկատեց, որ տաքսիստները նաև տուգանվում են գովազդ տեղադրելու համար, մինչդեռ Կառավարության որոշման համաձայնˋ թույլատրվում է մեքենայի կողային մասերում և տանիքի վրա գովազդ տեղադրել, ուստի այս պատճառաբանությամբ տաքսիտների տուգանումն անհիմն է:
Վարդուհի Ստեփանյան