Euromag.ru-ի փոխանցմամբ՝ ֆրանսիական քաղաքում իսկական տագնապ են առաջացրել «Պատրաստված է Սիրիայում» գրությամբ մի շարք փաթեթները, որոնք վերանորոգման ժամանակ հայտնաբերվել են տներից մեկում։ Միջադեպը գրանցվել է Կալեի մոտ գտնվող Բրյուե լա-Բյուիսեր քաղաքում։
Քաղաքի կենտրոնում գտնվող տներից մեկի սեփականատերը զանգահարել է ոստիկանություն ու հայտնել է «Պատրաստված է Սիրիայում» գրառմամբ անհայտ փաթեթներ, որոնցում գտնվում է պայթուցիկի նման բան։ Զանգից հետո դեպքի վայր է ժամանել ոստիկանական մի քանի թիմ, որոնք շրջապատել են դեպքի վայրը և տարհանել են տեղաբնակներին։ Տարհանվել են նաև մոտակա խանութների սեփականատերերն ու դպրոցներում սովորող հազար աշակերտներ։
Ականազերծողների խումբը դեպքի վայր է հասել մեկ ժամ անց։ Նրանք արագորեն ցրել են բոլոր մտավախությունները՝ հայտարարելով, որ տուփերում գտնվում է օճառ, որոնք արտադրվել են Հալեպ քաղաքում։ Այդ տուփերը երկար ժամանակ են գտնվել այդտեղ, ինչի համար էլ նրանց պարունակությունն արդեն նման չի եղել իր սկզբնական տեսքին։