Այսօր Աժ նիստի ընթացքում, անդրադառնալով Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշնակման փաստին, Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Սեպտեմբերի 25-ի նիստում ՀՀ Կառավարությունը Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանին կրկին նշանակեց Սյունիքի մարզպետ: Խաչատրյանը մարզպետի պաշտոնից ազատվել էր անցած տարվա հունիսի 2-ին արյունալի իրադարձություններից հետո, երբ իր տան մոտ տեղի ունեցած իրադարձություններից հետո սպանվեց Ավետիք Բուդաղյանը: Սուրիկ Խաչատրյանն այդուհանդերձ քրեական պատասխանատվության չենթարկվեց, քանի որ նախաքննական մարմինն այդ ժամանակվա զինդատախազ, ներկայում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գլխավորությամբ քննության հիմքում դրեց այն վարկածը, թե այդ արյունոտ իրադարձությունների ողջ ընթացքում Սուրիկ Խաչատրյանն իր տանը քնած է եղել: Գործն ընթացավ հենց այս տրամաբանությամբ: Բայց երբ նախաքննությունն ավարտվեց, և նյութերը հասանելի դարձան հանրությանը, ակնհայտ դարձավ, որ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կատարել է հանցագործություն: Պարտակել է ոչ միայն Ավետիք Բուդաղյանի սպանության փաստը, այլև սպանությունը կատարողին: Դեպքի տեսաձայնագրության ուշադիր զննումը ցույց է տալիս, որ սպանության ժամանակ Սուրիկ Խաչատրյանը ոչ միայն քնած չի եղել, այլև իր առանձնատան վերևի հարկից կանչել է Ավետիք Բուդաղյանին, և երբ վերջինը կանչին արձագանքելով հետ է գնացել, կրակելով սպանել է նրան: Այս մասին գիտեն գրեթե բոլորը, և այս ֆոնին Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակելը ոչ այլ ինչ է, քան բացահայտ արհամարհանք է Հայաստանի պետականության, Սահմանադրության ու իրավակարգի նկատմամբ: Իսկ նորանշանակ մարզպետի` հյուսիսկորեական ոճով բեմադրված դիմավորման արարողությունը Սյունիքի սահմանագլխին, աղճատում է ազատասեր հայ ժողովրդի կերպարը, վիրավորում նրա պատիվն ու արժանապատվությունը, որովհետև մեր ժողովրդին ի ցույց է դնում անպատիվ լույսի ներքո: Բայց մենք գիտենք, Հայաստանը գիտի, որ Սյունիքի ժողովուրդը հպարտ է և արժանապատիվ, պարզապես պատանդ է պահվում հանցավոր մի խմբավորման ձեռքում: Հարկ եմ համարում ընդգծել, որ այդ խմբավորման բեմադրած ամոթալի տեսարանները չեն փոխել, չեն փոխում ու չեն փոխելու մեր սերն ու ակնածանքը Սյունիքի հերոս ժողովրդի նկատմամբ: Եվ ուրեմն` որպես ՀՀ քաղաքացի, որպես Աժ պատգամավոր, որպես «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ և որպես նախկին քաղբանտարկյալ` սույն հայտարարությամբ ցանկանում եմ զորակցություն հայտնել Սյունիքի ազատասեր, բայց գերեվարված ժողովրդին: Մենք միասին Հայաստանն ազատագրելու ենք Լիսկաների խմբավորումներից: Եվ մեր երեխաներն ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»: