
ԱԺ քառօրյայի հարց-պատասխանի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարցով դիմեց Վարչապետին:
-Ինձ դիմել է քաղաքացի, ով պնդում է, որ Սևան քրեակատարողական հիմնարկում քսիվով դիմել են՝ ասելով, որ փնտրում են Սյունիքի համար մարզպետ: Որոշվել էր սխոդկա անել, որի ժամանակ որոշվել է, որ մարզպետ կդառնա Լիսկան: Սխոդկան հիմնավորել է, որ քաղաքացին իր կրթությունը ստացել է Կոշ, Արթիկ, Բուտիրկա և այլ կրթահամալիրներում: Քաղաքացին պնդում է, որ ինքը մոտ է եղել Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի հետ, միասին կեղծիք են արել: Սակայն պնդում է, որ իրեն չեն նշանակել, այլ Լիսկային, որովհետև Լիսկան 47.մլն դոլլար կաշառք է տվել: Ինձ դիմողի անունն է Թակարդ:
-Տիկին Փոստանջյան, ես գիտեի, որ դուք պատգամավոր եք, սակայն չգիտեի, որ սխոդկա էլ եք անում: Ես այդ հարցին պատասխանեցի քիչ առաջ:
Պատասխանելով Վարչապետին՝ պատգամավորն ասաց.
-Սրանք փողոցային խոսակցություններ չեն: Քաղաքացին պնդում է նաև, որ «Մարիոթ» հյուրանոցում կաշառք բաժանելու տեսանյութ ունի և պնդում է, որ մրցույթի պայմանները խախտել եք: Նախապես ասել եք, որ ոչ մի կաշառք չի լինելու, բայց վերցրել եք: Դուք ասացիք, որ միանձնյա եք որոշել, բայց դուք չէիք կարող միանձնյա որոշել:
-Տիկին Փոստանջյան, մարզպետին նշանակում է Կառավարությունը, ոչ թե նախագահը: Պատգամավորներ կան, որ գնում են միտինգին հայհոյում են: Հերիք է մարդկանց վիրավորեք: Ես չգիտեմ՝ ինչի մասին եք խոսում: Ես Ձեզ հարգում եմ ու չեմ հասկանում՝ ինչի մասին եք խոսում: Ես ուզում եմ ասել, որ նման որևէ միջոց չի կարող ազդել մեր աշխատանքի վրա: Եվ Ձեզ ուզում եմ հորդորել, որ լինեք հարգալից: Եթե մեզ չհարգեք, մենք կարող ենք լուրջ օպոնենտ հանդիսանալ նման մարդկանց նաև անձնական կյանքում: