Սյունիքից ընտրված պատգամավոր Հայկ Գրիգորյանը կարծում է, որ Սյունիքի համար լավագույն մարզպետի թեկնածուն Սուրիկ Խաչատրյանն է.«Սուրիկ Խաչատրյանը ոչ միայն ամենահավանական, այլ նաև ամենաարժանի թեկնածուն է»,-ասաց պատգամավորըˋ ավելացնելով, որ Սուրիկ Խաչատրյանին ամիսներ առաջ ոչ թե հանել են պաշտոնից, այլ ինքն է հրաժարական տվել՝ ելնելով ստեղծված իրավիճակից. «Սուրիկ Խաչատրյանին ոչ թե հեռացրել են, այլ ինքն է հեռացել իր պաշտոնից: Նա ոչ թե հեռացել է որևէ հանցանք կամ ոչ ճիշտ կատարած քայլի համար, այլ հեռացել է ստեղծված իրավիճակից ելնելով, որպեսզի հետո չասեն, որ իր պաշտոնն օգտագործելով ազդում է դատարանի որոշման վրա»,-ասաց Հայկ Գրիգորյանը:
Անդրադառնալով մամուլում Սուրիկ Խաչատրյանի անվան շուրջ տարածված լուրերին և Գորիսի նախկին քաղաքապետի մեղադրանքներին՝ պատգամավորը նկատեց, որ աշխարհում չկա մարդ, որ սխալներ չունենա. «Աշխարհում 6.5 միլիարդից ավելի մարդ է ապրում, և չկա մեկը, որ առանց մեղքի լինի, սակայն ես չեմ համաձայնում այն ձևակերպումների հետ, որտեղ խոսում են հանցագործությունների մասին: Մարդու արարքը հանցավոր լինելու կամ չլինելու մասին կարող է խոսել միայն դատարանը: Ինչ վերաբերում է Գորիսի նախկին քաղաքապետին, ապա մի բան եմ նկատել, որ նա գիշերը ինչ երազ տեսնում է, և եթե այդ երազը անգամ կապ չունի Սուրիկ Խաչատրյանի հետ, ապա նա այն վերագրում է նրան»,-ասաց պատգամավորը:
Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը իր հարցարզույցներից մեկում հայտարարել էր, որ Սյունիքի մարզի շատ բնակիչներ վախենում են Սուրիկ Խաչատրյանից և դրանից դրդված չեն կարող ազատ արտահայտվել նրա վատ համբավի և հնացավոր գործունեության մասին: Մեր այն հարցին, արդյոք Սուրիկ Խաչատրյանից երբևէ պատգամավորը վախեցել է, Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Երբևէ չի եղել նման բան և ոչ մի սյունեցի չի վախենում Սուրիկ Խաչատրյանից: Եթե մարդը արդար է և որևէ լկտիություն չի արել, ապա միանաշանակ վախենալու առիթ չպիտի ունենա»,-ասաց պատգամավորը՝ նակտելով, որ Սուրիկ Խաչատրյանից վախենում են միայն մարդիկ, ովքեր որևէ վատ քայլ են արել: