Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ավարտվեց ապրիլ-մայիսին սկսված թավշյա հեղափոխությունը: Ընտրություններում բացարձակ հաղթանակ տարավ հեղափոխականների թիմը՝ «Իմ քայլը» դաշինքը՝ ստանալով ընտրությանը մասնակցածների ավելի քան 70 տոկոսը՝ իմա՝ 884.849 քվե:
Ընտրություններից հետո հանրությունը տոնում էր Նիկոլի թիմի հաղթանակը, ավելին՝ ցնծում էր, քանի որ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն խայտառակ պարտություն էր կրել՝ անգամ չկարողանալով հաղթահարել խորհրդարան անցնելու մինիմալ շեմը:
Ինչ խոսք, քաղաքական ապագա պատկերը շատ հետաքրքրական է, սակայն դա խոսակցության այլ նյութ է:
Ընտրություններից հետո համացանցում համակարգված կերպով սկսվել է հասարակությանը մոլորեցնելու գործընթաց: Նախկին իշխանության քողարկված քարոզիչներն այս ամիսներին բացահայտ կերպով փորձում են սադրանքների, սուտ լուրերի, քաղաքական մանիպուլյացիաների միջոցով հեղինակազրկել Նիկոլ Փաշինյանին և նոր կառավարությանը:
Օրինակ, դիտարկենք այս պնդումը, թե ընտրություններին մասնակցությունը եղել է 50 տոկոսից ցածր, այսինքն Նիկոլ Փաշինյանին մերժել է հասարակության կեսը: Մի՛ կեղծեք իրականությունը: Անցել է կեղծիքների ժամանակաշրջանը։
Այսպես. ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 200 հազար մարդ, որից գրեթե 900 հազարը իր քվեն տվել է «Իմ քայլը» դաշինքին: Սերժ Սարգսյանի ռեժիմին սատարող այս կերպարները միտումնավոր չեն ասում, որ իրենց երբեմնի առաջնորդը, ում ժողովուրդը հասցրել էր գարնանը մերժել, երբեք լեգիտիմ ղեկավար չի եղել: Բոլոր ընտրություններին թե՛ Սարգսյանի, թե՛ ՀՀԿ-ի համար արհեստական ավելացվել են 400-500 հազար ձայներ, էլ չենք հաշվում ընտրակաշառքով, թաղի խուժանի միջոցով, վարչական ռեսուրսի կիրառմամբ ստացված ձայները: Մասնակցության թիվն էլ ոչ թե ցածր է, այլ շատ բարձր է: Ոչ ոք չի կասկածում, որ այս պահին Հայաստանում 2 ու կես միլիոն ընտրող չի բնակվում: Նախորդ իշխանությունների տարիներին հսկայական արտագաղթ է եղել, իսկ քաղաքացիների անունները դեռևս մնում են ցուցակներում, քանի որ նրանք, լինելով Հայաստանից դուրս, շարունակում են մնալ ՀՀ քաղաքացի:
Նման մակարդակի ընտրություններ Հայաստանում չէին եղել 1991 թվականից ի վեր: Այս մասին, չգիտես ինչու, լռում են նախկին ռեժիմի սպասարկուները:
Առաջիկա ամիսներին, երբ քիչ-քիչ մոռացության տրվեն հին օրերը, սերժսարգսյանական քարոզչամեքենան շարունակելու է մանիպուլացնել ու ստեղծել իր շեֆի սիրած «գաղջ» մթնոլորտը. վթարների համար կմեղադրի Փաշինյանին, մանր ու միջին չինովնիկների որևէ թերացման համար կմեղադրի Փաշինյանին: Սահմանում կրակոց լինի՝ մեղավորը Փաշինյանը կլինի, փողոցում աղբ նետեն՝ դարձյալ կմեղադրեն Փաշինյանին՝ փորձելով կաթիլ-կաթիլ վարկաբեկել երկրի ղեկավարին:
Այս ամենի միակ լուծումը կարող է տալ ժողովուրդը՝ ուղղակի արհամարհելով, անուշադրության մատնելով տարատեսակ ծախու գրչակների սուտ տեղեկություններին:
Հայաստանում իրավամբ նոր ժամանակներ են, նոր մշակույթ, նոր մտածողություն և, որ ամենակարևորն է, նոր սերունդ, որը պետք է անհանդուրժող լինի յուրաքանչյուր իրական թերացման և իրական հանցանքի նկատմամբ, բայց երբեք չտրվի մանիպուլյացիաների
Նոր իշխանություններն էլ, գնահատելով ժողովրդի հավատն ու հավատարմությունը, ունենալով նրա հզոր աջակցությունը, պետք է լծվի ծանր աշխատանքի՝ երկիրը ոտքի հանելու համար:
Եկել է սուտն ու կեղծիքը մերժելու, աշխատելու և արարելու ժամանակը: Մեկնարկը տրված է: