Այսօր Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը ներկայացնելու ընթացքում լրագրողների հետ զրույցում ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը` պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի մասնակցում նախորդ տարվա բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, ասաց, որ նա վատ էր զգում և ինքն է թույլ տվել գնալ:
Հարցին, թե արդյո՞ք կրակոցներն իրական էին, Երիցյանը պատասխանեց. «Նորմալ մարդն այդպիսի բան չի կարող անել: Ես գտնում եմ, որ եղել է իրոք մահափորձ և դեպքը պետք է բացահայտվի: Ժամանակին ինձ հետ էլ է նման դեպք պատահել, Քանաքեռի բաժանմունքի պետ եղած ժամանակ»,- ասաց Երիցյանը և շարունակեց. «Կան իրավապահ մարմիններ, կա քրեական գործ, որի շրջանակներում այդ ամենը պիտի պարզվի: Սխալ է հետաքննության ու նախաքննության աշխատանքներին խանգարել ու տալ գնահատական»:
Հարցին, թե իրեն չի՞ անհանգստացնում այն, որ իր ոլորտում կա մեկն, ում ուզում են սպանել, Արմեն Երիցյանը պատասխանեց. «Չէ, գիտեք, եկեք, չասենք՝ կա մեկը, ում ուզում են սպանել: Առաջին հերթին, թե ով է ուզում սպանել, մենք պետք է հայտնաբերենք, թե նա ով է, ում նկատմամբ է կիրառվում, դա արդեն կապ չունի»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Սուրիկ Խաչատրյանն անփոխարինելի կա՞դր է, որին ի պատասխան` նշեց. «Անփոխարինելի մարդիկ ընդհանրապես չկան, ոչ մեկս էլ անփոխարինելի չենք»: Հարցին, թե ինչո՞ւ են իրավապահ մարմիններն ու իշխանություններն անընդհատ ներում Խաչատրյանին ու նրա ընտանիքի անդամներին, նախարարը պատասխանեց. «Կարծում եմ՝ իրավապահ մարմինները նորմալ աշխատում են, և իրենց կողմից արված աշխատանքը ցույց կտա, որ կբացահայտեն: Եթե ինքը մեղք ունի, ի սեր Աստծո, թող պատժվի, եթե մեղք չունի, եկեք, չմեղադրենք մարդուն»,- եզրափակեց նախարարը: