Այսօր խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ասաց, թե պահանջում է շրջանառության մեջ դնել իր կողմից ներկայացված հայտարարության նախագիծը` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարքագծի վերաբերյալ:
«Երկար ժամանակ է` հետաձգում եք շրջանառության մեջ դնել իմ հայտարարության նախագիծը` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյաանի վարքագծի վերաբերյալ: Փաստ է, որ նմանները խայտառակում են մեր պետական համակարգը: Մենք ՀՀ քաղաքացիներ ենք, բայց մեզ խոցելի ենք զգում մեր պետությունում: Այդ անձը շարունակում է սպառնալիք մնալ մեր հասարակության համար: Ես բազմիցս փորձել եմ դատի տալ Ձեզ ու այդպիսով ստիպել Ձեզ շրջանառության մեջ դնել իմ ներկայացրած հայտարարության նախագիծը: Մեր դատարանները, սակայն, հասկանալի պատճառներով հրաժարվում են ընդունել այդ գործն ի վարույթ»,- ասաց Փոստանջյանն ու նշեց, որ նաև դրա պատճառով է, որ մեր հայրենակից, ֆրանսահայ գործիչ Շանթ Ոսկերչյանը չի կարողացել մուտք գործել Հայաստան:
«Ե՞րբ եք պատրաստվում կատարել Ձեր պարտականությունը: Դուք, ունենալով լիազորություն, հովանավորության տակ եք առնում մի անձի, ում վարքագիծը վտանգավոր է երկրի համար»,- ասաց նա:
«Դա ուղղակի հայտարարության տեքստ է: Օրենքի որևէ խախտում չկա, Դուք դիմել եք դատարան, դատարանը վարույթ չի սկսել, որովհետև, ըստ երևույթին, անհեթեթություն է համարել»,- ի պատասխան Փոստանջյանի` ասաց Գալուստ Սահակյանը: