Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է որդուն քաղաքապետ դարձնել: Araratnews.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով` Սուրիկ Խաչատրյանը իր շրջապատում հայտարարել է, որ իր որդին՝ Տիգրան Խաչատրյանը դառնալու է Գորիսի քաղաքապետ: Գորիսում քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու երկու տարի հետո, սակայն Սուրիկ Խաչատրյանը արդեն իսկ՝ որդու քաղաքական ապագայի ճանապարհային քարտեզն է գծում: Սա էր պատճառը, որ մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը՝ Տիգրան Խաչատրյանին հայրը կոստյում էր հագցրել եւ մարդամեջ ուղարկել:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ըստ էության չհերքեց որդու՝ քաղաքապետ դառնալու նկրտումները: «Քեզ ինչ, ինչ ա ուզում դառնալ, քեզանից պետք է հարցնենք ինչ դառնա, ինչ չդառնա»,- ասաց մարզպետն ու անջատեց հեռախոսը, այպես էլ չպատասխանելով մեր հաջորդ հարցին, թե հնարավոր է քաղաքականության մասին առավել լայն պատկերացումներ ստանալու համար Տիգրան Խաչատրյանը դառնա ՀՀԿ քաղաքական դպրոցի առաջին սաներից մեկը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն հայտարարել է, թե քաղաքական դպրոց է հիմելու:
Հավելենք, որ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա որդու անունը մշտապես կապվել է այս կամ այն աղմկահարույց միջադեպի հետ: Վերջին դեպքը Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածում տեղի ունեցած միջադեպն էր:
Փայլակ Ֆահրադյան