տուն Լուրեր Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արագածոտնի նորանշանակ մարզպետ Դավիթ Գեւորգյանին

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արագածոտնի նորանշանակ մարզպետ Դավիթ Գեւորգյանին

92
0

Հոկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզպետարանում տարածքային կառավարման եւ զարգացման  նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանին:

Նախարարի պաշտոնակատարը շնորհավորեց նորանշանակ մարզպետին:  Այս նշանակումը նա կարեւորեց նրանով, որ  նոր Հայաստանում  նոր իրողություններ են ձեւավորվել,  եւ  Դավիթ Գեւորգյանը կանգնած է եղել թավշյա հեղափոխության ակունքներում՝ ունենալով   նոր Հայաստանի իր հստակ տեսլականը:

«Դավիթ Գեւորգյանը տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար է եղել, եւ այդ ընթացքում նրա մասին միայն դրվատանքի խոսքեր կարող եմ ասել,-ասաց նախարարի պաշտոնակատարը»,-իր առջեւ դրված խնդիրներին նա մոտեցել է պատասխանատվությամբ եւ հետեւողականորեն հասել դրանց լուծման տրամաբանական ավարտին:

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն հայտնեց նախորդ մարզպետ Աշոտ Սիմոնյանին եւ հաջողություններ մաղթեց նորանշանակ մարզպետին: Նա վստահություն հայտնեց, որ երիտասարդական ավյուն ունեցող մարզպետը  լինելու է օրինականության եւ արդարության պահպանման ջատագովը եւ մարզպետարանի աշխատակազմին ու  մարզային կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների  ղեկավարներին հորդորեց միասնական լինել եւ նպաստել Արագածոտնի մարզի զարգացմանը:

Մարզպետ Դավիթ Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ՏԿԶ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին եւ ողջ քաղաքական թիմին՝ իրեն ցուցաբերած վստահության համար եւ հավաստիացրեց, որ պատրաստ է գիշեր ու զօր աշխատել՝ մարզում կուտակված խնդիրները լուծելու համար: Նա նշեց, որ ինչպես այլ մարզերում, այստեղ էլ խնդիրները երկու մասի են՝  արդարության եւ օրինականության հաստատում եւ սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում:

«Վստահ եմ, որ երկու մասով էլ մարզպետարանը էական անելիքներ ունի»,-ասաց Դավիթ Գեւորգյանը եւ հավաստիացրեց, որ համատեղ  լուծելու են իրենց առաջադրված խնդիրները, եւ թավշյա հեղափոխությունից մեծ ակնկալիքներ ունեցող հասարակությունը հուսախաբ չի լինելու: