տուն Լուրեր Սուրբ Սարգսի տոնը ժողովրդական է

Սուրբ Սարգսի տոնը ժողովրդական է

143
0

0203saint-Surb-Sargis

Սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ կատարվող միջոցառումների հերթականությունը այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Արարատյան Հայրապետական թեմի Արարատ երիտասարդական միության անդամ Տաթև Զախարյանը: «Երիտասարդների օրհնության պատարագը տեղի է ունենալու Սուրբ Սարգիս եկեղեցում, առավոտյան ժամը 10:30-ին: Հետո արդեն, ժամը 14:00-ին, ինչպես ամեն տարի, խաչերթով գնում ենք դեպի Սիրահարների այգի և մասնակցում համերգին: Համերգներ լինելու են նաև Սուրբ Սարգսի տոնի նախօրեին՝ Կարապի լճի մոտակայքում»:

Խաչերթին մասնակցելու է նաև Պաշտպանության նախարարը, հայտնեց Տեր Պետրոսը:  «Խաչերթին մասնակցելու են հիմնականում երիտասարդները: Ներկա են լինելու ուսանողները, երիտասարդական միությունները: Սիրահարների այգում՝ համերգին կմասնակցեն նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը, և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները: Բոլոր տոնակատարությունները տեղի են ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո»:

Սուրբ Սարգսի տոնակատարության համար վաղը Մայր Աթոռից պետք է բերվի Սուրբ Սարգսի մասունքակիր խաչը, նշեց Տեր Պետրոսը: Անդրադառնալով Վալենտինի տոնին, Տեր Պետրոսը հայտնեց, որ այն բիզնես ծրագիր էր ուղղակի: «Վալենտինի տոնը դուրս է եկել մեր նշվելիք տոների միջից: Մենք շատ օտարասեր ենք իրականում: Քանի որ Սուրբ Սարգիսի տոնը ժողովրդական չէր, դրա համար մի քանի տարի առաջ չէր նշվում: Հիմա մեր երիտասարդների շնորհիվ այն վերականգնվել է»:

Ինչ վերաբերում է աղի բլիթին, ապա եկեղեցին ոչ խրախուսում է այն, ոչ էլ մերժում, նշեց Տեր Պետրոսը: «Աղի բլիթ կոչվածին մենք չենք խրախուսում, բայց նաև չենք մերժում: Հայ եկեղեցին ազգային է: Մեր հույսը պետք է լինի մեր հավատքը: Աղի բլիթ, որպես ավանդույթ կարելի է ուտել, սակայն, այն դարձնել ինչ-որ իմաստալից բան, կամ կյանքի նպատակ՝ չի կարելի»: