տուն Լուրեր Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոնին հրապարակվել է Հայրապետական սրբատառ կոնդակը

Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոնին հրապարակվել է Հայրապետական սրբատառ կոնդակը

130
0

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին այսօր  տոնախմբել է սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնը կրկնակի էր, քանի որ 2018 թվականին լրանում է Վաղարշապատի Սուրբ Հռիփսիմե վանքի հիմնադրման 1400-ամյա հոբելյանը, և հիշատակության օրը մեկնարկը տրվեց հոբելյանին նվիրված տարբեր ձեռնարկների:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, տոնի առիթով, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների և ուխտավորների հանդիսավոր խաչվառազարդ թափորով, «Անձինք նվիրեալք» շարականի երգեցողության և «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, Ս. Հռիփսիմե վանք է տարվել  սուրբ Հռիփսիմե կույսի մասունքներն ամփոփող Ս. Աջը: Մասունքակիր Աջը կրում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Ս. Հռիփսիմեի վանքի առջև թափորին դիմավորել են Վանորեից տեսչության հոգևոր դասը` գլխավորությամբ Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի:
Այնուհետև վանքում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:
Սուրբ Պատարագի վերջում հրապարակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը Ս. Հռիփսիմեի վանքի 1400-ամյա հոբելյանի առիթով:
«Էջ Միածինն ի Հօրէ» շարականի ներքո վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանը խորան է  բարձրացրել հայրապետական կոնդակը, որն ընթերցել է պատարագիչ Արտակ եպիսկոպոսը: