Հունիսի 20-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Ս. Հովհաննես Կարապետի և Ս. Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Էջմիածնի Ս. Շողակաթ վանքի ուխտի օրն է:
Ս. Շողակաթ վանքի առջև թափորը դիմավորել են բազմաթիվ ուխտավորներ` Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ:
Տոնի կապակցությամբ վանքում մատուցվել է Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Վիրահայոց թեմի Ախալցխեի և Բորժոմիի տարածաշրջանի հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Հակոբ աբեղա Սահակյանը:
«Մենք, լինելով քրիստոնյա, լավագույն կերպով գիտակցել և իմացել ենք այն գինը, որ Քրիստոս խաչի վրա Իր արյամբ վճարեց մեզ փրկություն պարգևելու համար: Եվ այդ գնով պայծառացել ու լուսավորվել են թե´ մեր հոգիները, թե´ մեր մարմինները: Մեր ազգը լավագույնս գիտակցել է Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի թափած արյան գինը, լավագույնս գիտակցել է Ս. Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապում կրած չարչարանքների արժեքը և արժևորել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնից եկած լույսն ու հավատը և ապրել դրանով դարեդար»,- ասաց Հայր Պողոսը՝ հորդորելով հավատացյալ հայորդիներին հայցել Աստծուց ուժ, կարողություն և իմաստություն մեր նախնիների դարավոր հավատքի համաձայն ապրելու համար:
Ս. Պատարագի ավարտին կատարվել է նաև Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր խաչով հավատացյալների օրհնություն և Անդաստանի կարգ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի հանդիսապետությամբ: