տուն Լուրեր Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը հանրապետությունում

Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը հանրապետությունում

79
0

grip999

2016 թվականի հունվարին հանրապետությունում նկատվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված սեզոնային ակտիվություն: Ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման արդյունքում հանրապետությունում դիտվում է ստացիոնար կազմակերպություններ սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացման կայուն իրավիճակ, ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերի նկատելի նվազում:

Հունվարի 3-րդ շաբաթվա հետ համեմատ հանրապետության բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացումը կայուն է, և վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է որոշակի նվազում 15,6%-ով:

Իրականացված համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները վկայում են, որ 50%-ով նվազել է հղիների ստացիոնար դիմելիությունը:

Նկատելի նվազում է դիտվում նաև սուր շնչառական վարակներով հիվանդների շտապ օգնության դիմելիության: Համեմատելով ընթացիկ տարվա հունվարի 2-րդ շաբաթը 3-րդ շաբաթվա հետ, սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդների դիմելիությունը նվազել է 27,2%-ով:

Իրականացված համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները վկայում են, որ սուր շնչառական վարակներով պոլիկլինիկական կազմակերպություններ այցելություններում ևս նկատվում է նվազում՝ 3 անգամ կամ 50% և ավելի:

Կարևորելով վերը նշվածը` կարելի է եզրակացնել, որ վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է գրիպի և սուր շնչառական վարակներով հիվանդությունների նվազում:

Սակայն հաշվի առնելով, որ հիվանդության դեպքերի գրեթե 80%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են, ինչպես նաև հիմք ընդունելով եղանակային ցածր ջերմաստիճանը և վերջինիս նվազման միտումը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է լինել զգոն և կրկին հիշեցնում է.

— խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

— եթե հիվանդ եք, մնացե´ք տանը,

— եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

— մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, եթե դրանք ցուցված չեն բժշկի կողմից,

— հագնվե´ք եղանակին համահունչ,

— պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

— օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

— հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

— հետևե´ք անձնական հիգիենային: